ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի - Sputnik. Գերմանական Rheinmetall պաշտպանական կոնցեռնի գլխավոր տնօրեն Արմին Պապերգերի դեմ Ռուսաստանի կողմից իբր նախապատրաստվող մահափորձի մասին հրապարակումը կոնկրետ փաստեր չի պարունակում, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
«Մեզ համար շատ դժվար է մեկնաբանել տարբեր ԶԼՄ-ների հաղորդագրությունները, որոնք որևէ լուրջ փաստարկ չեն պարունակում և հիմնված են ինչ-որ անանուն աղբյուրների վրա»,-ասել է Պեսկովը լրագրողներին՝ մեկնաբանելով Rheinmetall-ի ղեկավարի սպանության «ռուսական ծրագրի» մասին հաղորդագրությունները:
Ավելի վաղ CNN հեռուստաալիքը, հղում անելով անանուն աղբյուրներին՝ ի դեմս ամերիկացի և արևմտյան պաշտոնյաների, առանց որևէ ապացույց ներկայացնելու, պնդել էր, որ 2024 թվականի սկզբին ամերիկյան հետախուզությանը հայտնի է դարձել, թե իբր Ռուսաստանի կառավարությունը նախատեսում է վերացնել Պապերգերին։
Հեռուստաալիքը պնդում էր, որ ամերիկյան կողմն իբր նախազգուշացրել է Բեռլինին կոնցեռնի ղեկավարի դեմ նախապատրաստվող մահափորձի մասին, որից հետո Գերմանիայի անվտանգության ծառայությունները կարողացել են պաշտպանել Պապերգերին և կանխել նրա ոչնչացումը:
Ինքը՝ Պապերգերը, Financial Times թերթի հետ զրույցում ենթադրել էր, որ CNN-ն այդ տեղեկությունը «օդից չի վերցրել», բայց չէր պարզաբանել, թե ինչու է այդպես կարծում և ինչու է հավատում ամերիկյան հեռուստաալիքի անանուն աղբյուրներին: