«Մենք ամեն ինչ ասել ենք Փաշինյանին». Էրդողանը չի բացառել Հայաստանի հետ սահմանի բացումը

Թուրքիայի նախագահը նշել է, որ տարածաշրջանից դրական ազդակներ են ստացվում, որոնք, ինչպես ինքը հույս ունի, լավ նորությունների կվերածվեն:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի - Sputnik. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չի բացառել Հայաստանի հետ սահմանի բացման հնարավորությունը Երևանի և Բաքվի միջև խաղաղ գործընթացի դրական ելքի դեպքում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Լրագրողները Թուրքիայի առաջնորդին հարցրել են, թե արդյոք Անկարան կարող է դիտարկել Թուրքիայի և Հայաստանի միջև սահմանի բացման հնարավորությունը, երբ Երևանն ու Բաքուն խաղաղության պայմանագիր ստորագրեն և տարածաշրջանում խաղաղ մթնոլորտ հաստատվի:
«Ինչու ոչ։ Մենք արդեն ամեն ինչ ասել ենք Փաշինյանին այս հարցով ։ Մենք պետք է բարձրացնենք բոլոր առագաստները աշխարհի համար: Հուսով ենք, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև տևական խաղաղություն ձեռք կբերվի մոտ ապագայում։ Մենք ամբողջ սրտով աջակցում ենք այս խաղաղությանը։ Զանգեզուրի միջանցքի բացումը քայլ է, որը եզրափակելու է այդ խաղաղ համաձայնագիրը», - Վաշինգտոնից Անկարա վերադառնալիս ինքնաթիռում լրագրողներին ասել է Թուրքիայի նախագահը:
Նրա խոսքով՝ այդ քայլերը «դրական ներդրում կունենան Ադրբեջանում, Հայաստանում, Թուրքիայում և տարածաշրջանի այլ երկրներում բարեկեցության և խաղաղության համար»:
«Մենք ցանկանում ենք, որ նման դրական կողմերով որոշումները կայացվեն առանց հապաղելու»,- ասել Է Էրդողանը: Նրա խոսքով ՝ տարածաշրջանից դրական ազդակներ են ստացվում։
«Եվ մենք հույս ունենք, որ դրանք կվերածվեն լավ լուրերի։ Կարևոր է, որ այլ երկրներ ևս նմանատիպ մոտեցում ցուցաբերեն և իրենց ներդրումն ունենան խաղաղ գործընթացում, որպեսզի որքան հնարավոր է շուտ կայուն խաղաղություն հաստատվի»,- նշել է Թուրքիայի նախագահը։
«Հուսով եմ` Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագիրը շուտ կկնքվի». Էրդողան
Հիշեցնենք, որ դեռևս 2021 թվականի դեկտեմբերին Երևանն ու Անկարան հարաբերությունների կարգավորման շուրջ բանակցությունների համար հատուկ ներկայացուցիչներ էին նշանակել։
2022 թվականի հուլիսին Վիեննայում պայմանավորվածություն է ձեռք բերվել համապատասխանաբար Հայաստան և Թուրքիա այցելող երրորդ երկրների քաղաքացիների կողմից հայ-թուրքական ցամաքային սահմանը հատելու հնարավորության ապահովման, ինչպես նաև բեռների ուղղակի ավիափոխադրումներ իրականացնելու և դրա համար անհրաժեշտ գործընթացներ սկսելու վերաբերյալ ։