«Հուսով եմ` Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագիրը շուտ կկնքվի». Էրդողան

Թուրքիայի նախագահ
Էրդողանը հայտարարել է, որ դրական քայլեր է նկատում նաև ՀՀ վարչապետ Փաշինյանի կողմից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի – Sputnik. Թուրքիան հուսով է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը շուտ կկնքվի։ Այս հայտարարությունն արել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից հետո կայացած ասուլիսի ժամանակ։
«Անկարան ձգտում է, որ խաղաղություն հաստատվի Երևանի և Բաքվի միջև։ Մենք ուզում ենք այդ հաշտեցումը տեսնել որքան հնարավոր է շուտ։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ մեր հանդիպումներում մենք դրական քայլեր ենք տեսնում այդ ուղղությամբ»,- ասել է Էրդողանը։
Հիշեցնենք, որ երեկ Վաշինգտոնում կայացել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների` Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը՝ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի մասնակցությամբ։ Կողմերը նշել են խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման վերաբերյալ պայմանագրի կնքման ուղղությամբ գրանցված առաջընթացը և համաձայնել են շարունակել աշխատանքները: Երևանը վերահաստատել է համաձայնագիրը շուտափույթ ստորագրելու իր պատրաստակամությունը։