ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի – Sputnik. ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը դատի կտա «Ժողովուրդ» օրաթերթին։ Նա այդ մասին հայտնել է ֆեյսբուքյան էջում։
«Ժողովուրդ» օրաթերթն այսօր գրել էր, որ Ալեն Սիմոնյանի եղբոր` Կառլեն Սիմոնյանի գլխավորած «ԵվրոԱսֆալտ» ընկերությունն ու տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն ավելի քան 4,6 մլրդ դրամի պայմանագիր են կնքել։
«Ակնհայտ սուտ են գրել, թե իբր իմ եղբայրը հերիք չէ` աշխատում է տնօրեն ասֆալտի կազմակերպությունում, այն էլ վերջերս 4 միլիարդի տենդեր է հաղթել, այն պարագայում, որ 2023 թ. մայիսից իմ եղբայրը տնօրեն չէ, իսկ 2023 թ. սեպտեմբերից ընդհանրապես դուրս է եկել նշված կազմակերպությունից»,– գրել է Սիմոնյանը:
Նա նշել է, որ թերթի սեփականատեր Թագուհի Թովմասյանին որոշ ժամանակ առաջ զգուշացրել է հեռացնել մի հոդված, որի մեջ զրպարտություն է եղել, սակայն այդ ժամանակ նրան դատի չի տվել, քանի որ համաձայնել են հոդվածը փոխել։
Իսկ հիմա իրավաբաններին խնդրել է հայց նախապատրաստել և մուտք անել: