Հայաստանը պատրաստ է շարունակել Ադրբեջանի հետ սահմանազատման գործընթացը. Ռուբինյան

Ռուբեն Ռուբինյան
ՀՀ ԱԺ փոխխոսնակը հայտարարել է, որ պաշտոնական Երևանը պատրաստ է և տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակմանը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի – Sputnik. Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է շարունակել Ադրբեջանի հետ սահմանազատման գործընթացը և սեղմ ժամկետում ստորագրել խաղաղության պայմանագիր։ ԲՐԻԿՍ–ի 10–րդ խորհրդարանական համաժողովի ժամանակ այս մասին հայտարարել է ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը։
Նա նշել է, որ արդեն սահմանազատվել է հայ–ադրբեջանական սահմանի մոտ 12 կմ հատվածը, և երկու կողմերի սահմանապահ ծառայությունները տեղակայվել են սահմանի համապատասխան հատվածներում:
«Հայաստանը միջազգայնորեն ճանաչված իր տարածքից դուրս հավակնություններ չունի և պատրաստ է կառուցողական ու ինտենսիվ աշխատանք տանել սահմանազատման գործընթացը շարունակելու և կարճ ժամանակում խաղաղության պայմանագիր կնքելու ու ստորագրելու ուղղությամբ»,– հայտարարել է Ռուբինյանը:
Նա ընդգծել է, որ Հայաստանը ոչ միայն պատրաստ է, այլև շահագրգռված է միջազգային տարանցիկ երթուղիների մաս դառնալ տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման ճանապարհով: ԱԺ փոխխոսնակի խոսքով` կասկած չկա, որ Հարավային Կովկասում խոշոր ենթակառուցվածքային նախագծերը կարող են միավորող գործոն դառնալ տարածաշրջանի երկրների համար և ոչ միայն:
«Հարավային Կովկասում տրանսպորտային երթուղիների վերականգնումը և բացումը պետք է հանգեցնի տնտեսական հարաբերությունների համակարգի կայուն տարածաշրջանային մոդելի ձևավորման»,– ասել է Ռուբինյանը:
Այս համատեքստում նա նշել է, որ խաղաղության օրակարգի և տարածաշրջանային զարգացման հեռանկարի շրջանակում ՀՀ կառավարությունը մշակել է «խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որը տարածաշրջանային բոլոր ենթակառուցվածքների ապաշրջափակման նախագիծ է՝ հիմնված երկրների ինքնիշխանության և իրավասության լիակատար հարգանքի, հավասարության և փոխադարձության սկզբունքների վրա։
«Միավորելով բոլոր կողմերի շահերը՝ մենք պատմական հնարավորություն կունենանք նախադրյալներ ստեղծելու տարածաշրջանի համագործակցության, փոխկախվածության և բարգավաճման համար»,– ընդգծել է ԱԺ փոխնախագահը։
Ռուբինյանը նշել է, որ Հայաստանը կողմ է քաղաքական երկխոսության առողջացմանը և միջազգային հարաբերություններում կայունության բարձրացմանը: Նրա խոսքով՝ Հայաստանը բոլոր շահագրգիռ գործընկերների միջև իրավահավասար և կառուցողական համագործակցության կողմնակից է։
Հիշեցնենք, որ երեկ Վաշինգտոնում կայացել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների` Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը՝ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի մասնակցությամբ։ Կողմերը նշել են խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման վերաբերյալ պայմանագրի կնքման ուղղությամբ գրանցված առաջընթացը և համաձայնել են շարունակել աշխատանքները: Երևանը վերահաստատել է համաձայնագիրը շուտափույթ ստորագրելու իր պատրաստակամությունը։