Երկու սև արկղերն էլ հայտնաբերվել են Մերձմոսկվայում SSJ-100-ի անկման վայրում

Արխիվային լուսանկար
SSJ-100-ի կործանման պատճառ կարող էր լինել ինքնաթիռի երկու շարժիչների միաժամանակյա խափանումը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի - Sputnik. Մասնագետները երկու սև արկղերն էլ գտել են Մոսկվայի մարզում՝ SSJ-100-ի կործանման վայրում․ սարքերը գտնվում են բավարար վիճակում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով արտակարգ ծառայությունների ներկայացուցչին:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Գազպրոմ Ավիա» ընկերության ինքնաթիռը հուլիսի 12-ին Մոսկվայի ժամանակով 15:00-ի սահմաններում (Երևանի ժամանակով 16:00-ին), Կոլոմնա քաղաքից ոչ հեռու, ենթարկվել է վթարի։ Ինքնաթիռում միայն 3 հոգուց բաղկացած անձնակազմն է եղել, որի անդամները, նախնական տվյալներով, զոհվել են:
«Գտնվել են երկու սև արկղերը՝ թռիչքի պարամետրերի գրանցման սարքը և օդանավի խոսքային ինքնագրիչը, նախնական տեղեկություններով՝ բավարար վիճակում», – ասել Է գործակալության զրուցակիցը:
Նա հստակեցրել է, որ նախատեսվում է SSJ-100-ի ինքնագրիչները վերծանել մերձմոսկովյան գիտահետազոտական ինստիտուտում։
Ինչպես նշել է արտակարգ ծառայությունների ներկայացուցիչը, Մերձմոսկվայում SSJ-100-ի կործանման պատճառ կարող էր լինել ինքնաթիռի երկու շարժիչների միաժամանակյա խափանումը: Ինքնաթիռի կործանման փաստով՝ օդային տրանսպորտի շահագործման անվտանգության կանոնների խախտման հոդվածով, հարուցվել է քրեական գործ: Աղետի հետաքննությամբ կզբաղվի Միջպետական ավիացիոն կոմիտեն՝ «Ռոսավիացիայի» մասնագետների հետ համատեղ։