Անարդյունք հանդիպում Վաշինգտոնում և դպրոցական առարկայի վիճահարույց փոփոխություն

Եռակողմ հանդիպում Վաշինգտոնում. Արխիվային լուսանկար
Չորեքշաբթի օրը Վաշինգտոնում կայացավ երեք երկրների՝ Միացյալ Նահանգների, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը, որից, եկեք անկեղծ խոստովանենք, շատ քչերն էին կոնկրետ արդյունք ակնկալում։
Sputnik
Առաջիկա ամիսներին Ադրբեջանում երկու կարևոր իրադարձություն է սպասվում՝ խորհրդարանի ընտրություններ և բնապահպանական խոշոր միջազգային համաժողով, իսկ Ամերիկայում՝ նախագահի անկանխատեսելի ընտրություններ։ Ճիշտ է, հայաստանցիները մի փոքր հույս ունեին, որ Էնթոնի Բլինկենը գոնե կհորդորի ադրբեջանական կողմին ազատ արձակել Բաքվում պահվող Արցախի նախկին ղեկավարներին և բոլոր գերիներին, բայց հանդիպումից հետո հրապարակված հաղորդագրություններում ընդհանրապես նույնիսկ ակնարկ չկար այդ մասին։ Փոխարենը հերթական անգամ հնչեց նույն ոչինչ չասող արտահայտությունը. «Հայաստանն ու Ադրբեջանը շատ մոտ են հասնելու վերջնական համաձայնության»։
Հիշենք, թե քանի անգամ ենք լսել այդ լավատեսական պնդումը։ Սոցցանցերում էլ գերակայում են միայն հոռետեսական գնահատականները։ Մեջբերեմ դրանցից մեկը. «Ադրբեջանը խաղաղության պայմանագիր ստորագրելու մոտիվացիա չունի՝ Փաշինյանից նոր զիջումներ կորզելու և Հայաստանին մեկուսացված և շրջափակված պահելու նպատակով: Մենք գերագնահատում ենք քաղաքական Արևմուտքի գործոնը: ԱՄՆ-ը և նրա դաշնակիցները շարունակում են շատ ազդեցիկ մնալ, բայց միջազգային հարաբերություններում էապես կորցրել են իրենց երբեմնի մենաշնորհյալ դիրքը ու չեն կարող Ադրբեջանին բերել կառուցողական դաշտ: Բայդենի վարչակազմը, շատ մեծ հավանականությամբ, ամիսներ անց կորցնելու է իշխանությունը, հետևապես, նրա միջազգային նախաձեռնությունների էֆեկտիվությունը խիստ կասկածելի է»։
Գրառման հեղինակն ամփոփում է. «Հայաստանի իշխանությունը պետք է վերանայի Արևմուտքում «փրկիչներ» փնտրելու մոլուցքը՝ որդեգրելով բալանսավորված քաղաքականության սկզբունքը: Մենք պետք է գիտակցենք, որ մեր խնդիրները, Հայաստանի պետության լինելիության հարցը պետք է լուծենք տարածաշրջանում՝ ձևավորելով կանխատեսելի և արդյունավետ հարաբերություններ Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի հետ»:
Այս շաբաթ ավարտվեց մեր պատմության հետ կապված պատմությունը։ Համաձայնե՛ք, բավական տարօրինակ, ինչ-որ տեղ նույնիսկ առեղծվածային էր այդ պատմությունը, մի քիչ էլ հիշեցրեց խորհրդային իրականությունը, երբ կուսակցական թերթը հրապարակում էր «մի խումբ ընթերցողների» բողոքն այսինչ գործչի կամ գրողի դեմ։ Ոչ ոք չգիտեր, թե ովքեր են այդ ընթերցողները, բայց հետապնդումները պարտադիր սկսվում էին։ Ճիշտ նույնկերպ մի քանի ամիս առաջ հայտարարվեց, որ «մի խումբ մասնագետներ» պահանջում են «Հայոց պատմություն» առարկան այսուհետ անվանել «Հայաստանի պատմություն»։ Էդպես էլ չհաջողվեց պարզել, թե ովքեր են այդ խորհրդավոր մասնագետները, բայց հինգշաբթի օրը կառավարությունը վերջնական որոշում կայացրեց՝ այլևս ոչ մի Հայոց պատմություն, միայն ու միայն Հայաստանի պատմություն։
Սոցցանցերի օգտատերերից մեկը փաստում է՝ ախր, այսպես վարվելով` մեր ղեկավարները հլու հնազանդ կատարում են այն երկրի առաջնորդների կամքը, որին ժամանակին հաղթել ենք։ Մեջբերեմ. «Իրական կյանքում քո նախորդներից իր հոր հետ ծեծ կերածն էսօր շարունակաբար քեզ է ծեծում ու ամեն առիթով նորովի բամփում ճակատիդ՝ ստիպելով քեզ քայլ առ քայլ անել այն, ինչ ինքն է ուզում՝ ջնջելով նույնիսկ բոլոր բարոյական կարմիր գծերը, որ անկախության ճանապարհին գծել է ժողովուրդը, և որը դու կատարում ես խոնարհ ու գլուխդ կախ։ Ներքին լսարանի առաջ քեզ մնում է բարձրաձայն մտավարժանքներ արտաբերել պատմական ու իրական Հայաստանի, պետականության ու պետության, հայոց ու Հայաստանի պատմության մասին, ինչպես մի նոր ընկեր Փանջունի, ինչպես մի նոր մարքսիզմ-լենինիզմի հեղինակ, ինչպես մի նոր հեծանիվ հորինող: Հիշվելու եք բոլորդ, մեկ առ մեկ»,- եզրակացնում է օգտատերը։
Այս շաբաթ Մատենադարանում հասարակությանը ներկայացվեց «Ակադեմիական քաղաքի» հայեցակարգի վերջնական տարբերակը։ Քննարկման ընթացքում պարզվեց, որ շինարարությունը կարող է տևել 20, նույնիսկ 30 տարի… Միանգամից հիշեցի այն բառերը, որով Նիկոլայ Նեկրասովը ավարտում է «Երկաթուղին» պոեմը. «Բայց ափսո՜ս որ, Վանյա, գեղեցիկ կյանքին այդ, չենք հասնի ո′չ դու և ո′չ էլ ե՛ս»։ Հայաստանցիներից մեկը «Ֆեյսբուքում» գրում է. «Այսպես կոչված «Ակադեմիական քաղաքը» Հայաստանից ահռելի փողեր կլանող սև խոռոչ է, որը երբեք էլ չի վերջանա, դեռ 20-30 տարի, ասում են, կտևի, մարդիկ դրանով պիտի «տուն պահեն», հարստանան, ըստ Թոբիաս Քեյլի, նախագիծը կարող է արժենալ 5,7 միլիարդ դոլար: 2029-ին նոր շենքերից ընդամենը մեկը կսարքվի, հետո տարիներ շարունակ՝ ռեստորաններ, սրահներ, հանրային սպասարկման վայրեր, հետո երևի անցնեն կրթական մասին: 5,7 միլիարդ դոլար»: