Ոչ միայն Վրաստանի՞ց․ ի՞նչ խողովակներով է Հայաստանը ԵՄ-ից արտաքին ինտերնետ-թրաֆիք ստանում

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը տեղին չի համարում բացահայտել Սև ծովի հատակով սեփական ինտերնետ-մալուխի անցկացման նախաձեռնության մանրամասները:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի - Sputnik. Հայաստանը Եվրոպայից արտաքին ինտերնետ թրաֆիքը ստանում է Թուրքիայի և Վրաստանի տարածքով։ Այս մասին Sputnik Արմենիայի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից։
Ընդ որում, գերատեսչությունում չեն հստակեցրել՝ ինտերնետ-մալուխը Թուրքիայից Հայաստան մտնում է ուղղակիորե՞ն, թե՞ կրկին Վրաստանի միջոցով: Մեր տվյալներով՝ Հայաստանի արտաքին ինտերնետ թրաֆիքի 80%-ը բաժին է ընկնում Վրաստանին (սա ներառում է թրաֆիքը նաև Թուրքիայից, ԵՄ-ից և ՌԴ-ից)։
Գերատեսչությունում չեն պատասխանել նաև Սև ծովի հատակով ինտերնետ կապի նոր գծի կառուցման նախագծի վերաբերյալ հարցերին: Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը նշել է, որ «այդ տեղեկատվությունը հրապարակման ենթակա չէ»:
Հիշեցնենք, որ Երևանը Թբիլիսիին առաջարկել էր քննարկել մալուխի անցկացման հարցը այն բանից հետո, երբ Caucasus Online ընկերության մեծածախ ինտերնետի բաժնետոմսերը գնել էր ադրբեջանցի գործարար Նասիմ Հասանովը: Երևանը մտավախություն ունի, որ ադրբեջանական կողմը հավատարիմ գործարարի միջոցով կվերահսկի հայկական ինտերնետ թրաֆիքը։ Հենց այդ թեմայով էլ Հայաստանը բանակցություններ էր վարում Վրաստանի հետ։
Ի դեպ, Հայաստան հասնող թրաֆիքի ևս 20%-ը գալիս է Իրանի տարածքով անցնող մալուխներից։ Ընդ որում, այստեղ հայկական օպերատորները մինչև վերջերս հանդես էին գալիս որպես դեպի Իրան, Աֆղանստան, Քաթար ինտերնետ փոխանցողներ։