ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի – Sputnik. 3 անձ է կալանավորվել զորամասի տարածք ապօրինի մուտք գործելու, զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու և զինծառայողների նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՔԿ մամուլի ծառայությունը։
Պարզվել է, որ մի խումբ քաղաքացիներ հուլիսի 7-ին՝ ժամը 21:30-ի սահմաններում ապօրինի մուտք են գործել ՀՀ ՊՆ N զորամասի տարածք՝ զորամասում ծառայող իրենց մտերիմ ժամկետային զինծառայողին վերաբերող ծառայողական բնույթի հարցի պարզաբանման նպատակով։
«Զորամասի տարածքից դուրս գալուց հետո, անմիջապես դարպասների դիմաց, նույն հարցի կապակցությամբ նրանք վիճաբանել են զորամասի գումարտակի սպայի և պայմանագրային մեկ զինծառայողի հետ, որի ընթացքում հարվածներ հասցնելով բռնություն են գործադրել հիշյալ զինծառայողների նկատմամբ՝ վերջիններիս պատճառելով տարբեր մարմնական վնասվածքներ»,– ասված է հաղորդագրությունում։
Նշվում է նաև, որ քաղաքացիական անձանցից մեկը գազային ատրճանակով կրակոց է արձակել դեպի օդ:
Սիսիան քաղաքի նշյալ 3 բնակիչներին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 468-րդ հոդվածի 2-րդ մասով (Մի խումբ անձանց կողմից զորամաս կամ հատուկ պահպանվող զինվորական այլ տարածք ապօրինի մուտք գործելը), 195-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 5-րդ կետերով (Մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործությունը) ու 297-րդ հոդվածի 3-րդ մասով (Խուլիգանություն` զենքի գործադրմամբ կամ դրա գործադրման սպառնալիքով)։