ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի – Sputnik. ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանի գործով հակակոռուպցիոն դատարանը ծանուցում է ուղարկել ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Առաքել Մարտիկյանին՝ դատարան հարցաքննության ներկայանալու համար, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը:
«Ասել է թե՝ հերթական վկան, որ պետք է հարցաքննվի ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Առաքել Մարտիկյանն է»,–եզրահանգում է անում թերթը:
«Ժողովրդի» տվյալներով` Հակակոռուպցիոն դատարան են հրավիրվելու նաև վկաներ՝ ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանը, ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանը և ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանը: Հակակոռուպցիոն կոմիտեն նախապես հաստատված վկաներից միայն չի հարցաքննի Արայիկ Հարությունյանին, քանի որ նա հակառակորդի կողմից գերեվարված է:
Հիշեցնենք` 2022թ–ի սեպտեմբերի 1-ին դատախազությունը հայտարարեց, որ Արցախի ՊԲ նախկին հրամանատար, Արցախի նախագահի խորհրդական Միքայել Արզումանյանին մեղադրանք է ներկայացվել 2020 թվականի Արցախյան պատերազմի ընթացքում ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող «Արեգա» բարձունքը և հարակից մարտական դիրքերն ազատագրած անձնակազմին «նահանջ» հրաման տալու համար։
Արզումանյանը կալանավորվել է սեպտեմբերի 1-ին և մինչ օրս գտնվում է կալանքի տակ: