Ի՞նչ է կատարվում Վերին Լարսում. Վրաստան–ՌԴ ճանապարհին շուրջ 500 հայկական բեռնատար կա

Վերին Լարս տանող ճանապարհ
Վերին Լարսում օրական շուրջ 150 հայկական բեռնատար է մաքսազերծվում
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի – Sputnik. Վերին Լարսի անցակետով անցնող ճանապարհին հերթեր չկան, իսկ անցակետն աշխատում է բնականոն հունով: Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց ՌԴ-ում ՀՀ դեսպանության մաքսային կցորդ Վահան Հակոբյանը։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ զբոսաշրջային սեզոնի մեկնարկի պատճառով սահմանի երկու կողմում մեծ հերթեր են գոյացել:

«Հայաստանից 500 բեռնատար է մեկնել Վերին Լարսի ուղղությամբ։ Մի մասը գտնվում է Վրաստանի տարածքում, իսկ մյուս մասն արդեն մաքսազերծում է անցնում անցակետում», - ասաց Հակոբյանը։

Նա նշեց, որ Վերին Լարսում օրական շուրջ 150հայկական բեռնատար է մաքսազերծում անցնում։Հայաստանից դեպի ՌԴ սահման ճանապարհը հայկական փոխադրողների համար տևում է 2-3 օր։
Հիշեցնենք` Վրաստանը Մցխեթա–Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհի ամենավտանգավոր հատվածը (Գուդաուրի–Կոբի) շրջանցող ճանապարհ է կառուցում։ Խոսքը ինը կիլոմետրանոց թունելի մասին է։
Նախագծով նախատեսվում է կառուցել 23 կմ երկարությամբ երկշերտ բետոնե ճանապարհ, 5 կամուրջ, 5 թունել։ Նախագծի ավարտից հետո տրանսպորտային միջոցները Թբիլիսիից Ստեփանծմինդա (ՌԴ-ի հետ սահմանին) կհասնեն 1 ժամ 45 րոպեում (այժմ հասնում են 2 ժամ 30 րոպեում)։ Արդյունքում մեքենաների անխափան երթևեկություն կապահովվի ամբողջ տարվա ընթացքում: