«Հայոց պատմություն» առարկայի անվանումը փոխվեց. Փաշինյանի ու նախարարի մեկնաբանությունները

ՀՀ վարչապետի խոսքով` հայոց պատմությունը պետության չգոյության պատմությունն է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի – Sputnik. «Հայոց պատմություն» առարկան դպրոցներում կդասավանդվի «Հայաստանի պատմություն» անվամբ։ Որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը նշեց, որ առկա հանրակրթական նորմատիվների համաձայն` դպրոցներում պարտադիր անցնում են «Հայ ժողովրդի պատմություն» դասաժամը:
«Դա մեզ խնդրահարույց է թվում. իրավական պետության պատմությունը ներկայացնելու, ուսուցանելու գործընթացում այն լիարժեքորեն չի արտացոլում պետականության գաղափարը։Ուստի առաջարկում ենք պատմության ուսուցումն անցկացնել «Հայաստանի պատմություն» առարկայի շրջանակում»,– ասաց Անդրեասյանը։
Առաջին հերթին, ըստ նրա, դպրոցներում պատմություն առարկան պետք է ուղղված լինի ժամանակակից Հայաստանի ուսումնասիրմանը, Հայաստանի պատմությունը Հայաստանի Հանրապետության դիրքերից վերլուծելուն և ներկայացնելուն:
«Այս առումով մենք կարող ենք շատ ավելի համակարգված ձևով ներկայացնել պատմությունը աշակերտներին՝ ավելի հասկանալի դարձնելով պետականության գաղափարը` մենք ինստիտուցիոնալ մոտեցում ենք ցուցաբերում պետականության և պետության գաղափարի ամրապնդման համար»,– վստահեցրեց Անդրեասյանը:
Ըստ նրա՝ խոսքը ոչ թե առարկայի բովանդակության փոփոխության, այլ «պատմություն» առարկայի մեջ պետականության կորստին հանգեցրած իրադարձությունների վերագնահատման մասին է։
«Փոխվում է այդ իրադարձությունների և երևույթների մեկնաբանման մեթոդաբանական սկզբունքը, որը դառնում է պետության հետագա գոյության, զարգացման տեսանկյունից պատմական իրողությունների վերարժևորման դիտանկյուն։ Մասնավորապես, օրինակ, այս կերպ կարող են նորովի վերագնահատվել պատմական բոլոր այն իրադարձությունները, երբ տեղի է ունեցել պետության կորուստ՝ սովորողների մոտ ձևավորելով հնարավոր մարտահրավերների նկատմամբ ավելի վերլուծական, քննական հայացք, ինչպես նաև ամրապնդելով այն արժեքային կողմնորոշումը, որ պետությունը ժողովրդի և ազգի կազմակերպման բարձրագույն ձևն է, ու դա պետք է ամրապնդել»,– մանրամասնեց նախարարը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթին հայտարարեց, որ կառավարության ռազմավարության և քաղաքականության շրջանակում ընկած են ինքնիշխանությունն ու պետականությունը:
«Ունեն դրսից պատվիրատու»․ Հայկ Դեմոյանը՝ «Հայոց պատմություն» առարկան վերանվանելու մասին
«Պետք է արձանագրեմ, որ պետությունը բոլորովին ուրիշ մտածողություն է, պետությունը բոլորովին ուրիշ մշակույթ է, պետությունը բոլորովին ուրիշ հայեցակետ է, ու պետք է մենք ուժ ունենանք խոստովանելու ու առերեսվելու, որ այդ մտածողությունը միշտ չէ ու ամենուր չէ, որ հասանելի է մեզ»,– հայտարարեց վարչապետը։
Նրա խոսքով` մենք հիմա մի պրոցեսի մեջ ենք, որ փորձում ենք բարձրանալ դեպի պետական ընկալման աշտարակ, որտեղից աշխարհն ու կյանքը երևում են բոլորովին այլ կերպ։
«Հայաստանի պատմությունը պետության գոյության զարգացման պատմությունն է պետության չգոյության դրվագներով, իսկ հայոց պատմությունը` պետության չգոյության պատմությունն է պետության գոյության դրվագներով։ Այն բոլոր պետությունները, որ մենք ունեցել ենք՝ տարբեր դինաստիաներ, հարստություններ, պատմության սյուներն են, Հայաստանի պատմության սյուներն են, ու մենք այդ սյուներն ուսումնասիրելու վրա ավելի շատ ժամանակ պետք է տրամադրենք»,– ընդգծեց Փաշինյանը։
Վարչապետի խոսքով՝ «Հայոց պատմության» տրամաբանության մեջ կարող է պարզվել, որ մենք ուրիշ պետությունների ավելի շատ ենք անդրադառնում, քան մեր պետություններին։
«Սա իրողություն է, ուրիշ պետություններին ավելի շատ ենք անդրադառնում, որովհետև կարող է պարզվի, որ մեր չպետությունն ավելի շատ է, քան պետության պատմությունը»,– ընդգծեց նա։
Նշենք, որ առարկայի անվանումը փոխելու ծրագրերի մասին հայտնի դարձավ դեռ այս տարեսկզբին։ Իշխանությունների այս նախաձեռնությունը բուռն դժգոհություն առաջացրեց հասարակության շրջանում։ Իսկ e–draft.am կայքում քվեարկած քաղաքացիների մեծ մասը դեմ է հանդես եկել այս փոփոխություններին։
Հայոց պատմության դասագիրքը շրջանառությունից հանելու մասին խոսք չկա․ Անդրեասյան