Հայաստանի և Չինաստանի միջև առևտրի ծավալը գերազանցել է 2,1 մլրդ դոլարը. դեսպան

ՀՀ-ում ՉԺՀ դեսպան Ֆան Յունը ելույթի ժամանակ
Տարատեսակ նախագծերով երկու երկրների համագործակցությունը մշտապես ընդլայնվում է, նշել Է դիվանագետը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի - Sputnik. 2023 թվականի արդյունքներով Հայաստանի և Չինաստանի միջև առևտրի ծավալը գերազանցել է 2,1 մլրդ դոլարը։ Այս մասին ՀՀ-ում ՉԺՀ դեսպան Ֆան Յունն ասել է իր դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ ընդունելության ժամանակ։
Դեսպանը նշել է, որ Չինաստանը Հայաստանի երկրորդ խոշորագույն առևտրային գործընկերն է, որը հայկական ապրանքների համար ապահովում է իրացման զգալի շուկա:
«2023 թվականի առևտրաշրջանառությունը գերազանցել է 2020 թվականի արդյունքը 120%-ով»,-հայտնել է Յունը։
Նրա խոսքով ՝ Հայաստանի և Չինաստանի միջև համագործակցությունն ակտիվորեն զարգանում է՝ ընդգրկելով բազմաթիվ նախագծեր: Մասնավորապես, Չինաստանը մասնակցում է ռազմավարական նշանակության «Հյուսիս-Հարավ» մայրուղու կառուցմանը, որը կմիացնի Հայաստանի հյուսիսային և հարավային հատվածները, ինչպես նաև արևային էներգետիկայի ոլորտում առաջարկվող նախագծերին, որոնք խթանում են երկրում վերականգնվող էներգիայի աղբյուրների զարգացումը: Առաջիկայում նախատեսվում է նաև սկսել Հայաստանի Հանրային հեռուստաընկերության նոր տաղավարի շինարարությունը:
Դեսպանը հիշեցրել է, որ Հայաստանի և Չինաստանի միջև գործում է առանց վիզայի ռեժիմ զբոսաշրջային նպատակներով այդ երկրներ այցելող քաղաքացիների համար, ինչը հանգեցրել է Չինաստանից Հայաստան այցելողների թվի ավելացմանը: Այդ ուղղությամբ կարևոր քայլ է լինելու Ուրումչի-Երևան ուղիղ չվերթերի գործարկումը։
Ֆան Յունը նաև նշել է կրթության ոլորտում համագործակցությունը, ինչպես նաև տարբեր ուղղություններով հարաբերությունների զարգացումը:
Հիշեցնենք, որ 2022 թվականին երկու երկրների միջև առևտրի ծավալը կազմել է 1,43 մլրդ դոլար։