Չինաստանի դեսպան Ֆան Յունն անմոռանալի է որակել Հայաստանում իր աշխատանքի ժամանակաշրջանը

Դիվանագետը նշել է, որ հավատում է հայ-չինական հարաբերությունների զարգացման լայն հեռանկարներին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի - Sputnik. Հայաստանում Չինաստանի դեսպան Ֆան Յունը, որն ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը, անմոռանալի է որակել մեր երկրում անցկացրած չորս տարիները: Այս մասին Յունն ասել է Երևանում Չինաստանի դեսպանատանն իր դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ անցկացված ընդունելության ժամանակ։
«Գրեթե չորս տարի Հայաստանում գտնվելս դարձավ իմ կյանքում անմոռանալի փուլ։ Մաքուր ու թափանցիկ Սևանա լիճը, վեհաշուք Արագած լեռը, գինեգործության հազարամյա ավանդույթները, ազգային յուրօրինակ երգն ու պարը, ինչպես նաև հյուրընկալ ու ընկերասեր մարդիկ ինձ վրա թողեցին ամենահրաշալի ու խորը տպավորությունները»,– ասել է դեսպանը։
Նա նշել է, որ Հայաստանի և Չինաստանի միջև ավանդական բարեկամական հարաբերությունները, որոնց հիմքը դրվել է ավելի քան 2 հազար տարի առաջ՝ հինավուրց Մետաքսի ճանապարհին, դիմացել են ժամանակի փորձությանը և նոր կյանք ստացել:
Համաձայնության կգանք. ՉԺՀ դեսպանը` դեպի ՀՀ ուղիղ չվերթեր ունենալու և վիզայի վերացման մասին
Դեսպանը նշել է, որ խորապես հավատում է երկրների միջև հարաբերությունների հետագա զարգացմանը և պատրաստ է հայ ընկերների հետ միասին ջանք չխնայել երկկողմ հարաբերությունների զարգացման համար։