ԱԺ–ն 2–րդ անգամ տապալեց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի ընտրությունը

Ազգային ժողով
ԿԿՀ անդամի թեկնածուի պաշտոնին առաջադրված էին Վաղարշ Աղաբեկյանն ու Նարինե Ավետիսյանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի – Sputnik. Ազգային ժողովն արդեն 2–րդ անգամ տապալեց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի ընտրությունը։ Հաշվիչ հանձնաժողովի նախագահ Նարեկ Բաբայանն ասաց, որ ոչ մի պատգամավոր քվեարկությանը չի մասնակցել։

«ՀՀ ԱԺ 107 պատգամավորներից քվեարկությանը ոչ ոք չի մասնակցել, ուստի քվեաթերթիկներ քվեատուփում չեն եղել»,– ասաց նա։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ԿԿՀ անդամի թեկնածուի պաշտոնին առաջադրված էին Վաղարշ Աղաբեկյանն ու Նարինե Ավետիսյանը։
Վերջինը երկրորդ անգամ է առաջադրվում այս պաշտոնում. առաջին անգամ նրան առաջադրել էին 2023 թվականի դեկտեմբերին։ Այդ ժամանակ ՔՊ–ն չմասնակցեց քվեարկությանը։
Վաղարշ Աղաբեկյանն էլ արցախցի իրավաբան է, աշխատել է Արցախի դատախազությունում։
Հիշեցնենք, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը 4 տարի ղեկավարած Հայկուհի Հարությունյանը նախորդ տարի դեկտեմբերին չընտրվեց նույն հանձնաժողովի անդամի պաշտոնում։ Պատճառը նույնն էր` պատգամավորները չմասնակցեցին քվեարկությանը։
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը ստեղծվեց 2019 թվականին։ Նոյեմբերի 19-ին խորհրդարանը փակ գաղտնի քվեարկությամբ ընտրեց հանձնաժողովի առաջին կազմը։ Նախագահ ընտրվեց ընդդիմադիր «Լուսավոր Հայաստանի» կողմից առաջադրված Հայկուհի Հարությունյանը, որի պաշտոնավարման ժամկետն ավարտվեց 2023-ի նոյեմբերի 19-ին։
Հարությունյանը հոկտեմբերի 25-ին հայտ էր ներկայացրել հանձնաժողովի թափուր դառնալիք պաշտոնը համալրելու նպատակով անցկացվող մրցույթին մասնակցելու համար, և նոյեմբերի 20-ին մրցութային խորհուրդը հաստատել էր նրա թեկնածությունը: