ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի – Sputnik. Հակակոռուպցիոն դատարանը ևս 3 ամսով երկարաձգեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի կալանքը` մերժելով պաշտպանների՝ տնային կալանքի, 40 մլն դրամի և երաշխավորությունների առաջարկը։
Նշենք, որ Աշոտյանի համար երաշխավորել էին ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը և ԱԺ նախկին նախագահ Տիգրան Թորոսյանը:
«Դատարանն արձանագրում է, որ այս պահի դրությամբ գնահատակններում փոփոխության ենթարկվելու իրավական հիմքեր առկա չեն։ Արմեն Աշոտյանը, ազատության մեջ գտնվելով, կարող է ապօրինի միջամտել գործընթացին»,– ասաց դատավոր Վահե Դոլմազյանը։
Դատարանի գնահատմամբ` առկա պայմաններում տնային կալանքը չի կարող լինել խափանման միջոց, քանի որ այդ դեպքում դատարանը չի կարող ապահովել այն հսկողության միջոցները, ինչ քրեակատարողական հիմնարկում։
«Քանի դեռ չեն նվազել ռիսկերը, տնային կալանքը չի կարող լինել պիտանի միջոց։ Արմեն Աշոտյանի նկատմամբ կիրառված կալանքի գործողության ժամկետներն ու դրա իրավաչափության ժամկետները չեն վերացել և չեն ենթարկվել այնպիսի փոփոխությունները, որը կարող է հիմք հանդիսանալ խափանման միջոցը փոխելու համար»,– ասաց դատավորը։
Հիշեցնենք` Արմեն Աշոտյանը կալանավորվեց 2023 թվականի հունիսի 16–ին։ Սեպտեմբերի 28–ին Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Սերգեյ Մարաբյանը մերժեց վերաքննիչ բողոքները և նրան թողեց կալանքի տակ։
Նոյեմբերի 16-ին նույն դատավորի որոշմամբ՝ Արմեն Աշոտյանի պաշտպանների բողոքը մերժվեց, և նրա նկատմամբ կիրառված կալանքը մնաց անփոփոխ։
Աշոտյանը և Երևանի Հերացու անվան բժշկական համալսարանի նախկին ռեկտոր Միքայել Նարիմանյանը մեղադրվում են բուհին պատկանող մոտ 100 հազար դոլարի գույք հափշտակելու մեջ: Նրանց մեղադրում են «Ծովասար» հյուրանոցային համալիրի քոթեջները ուռճացված գներով (հաջորդած «ատկատներով») ձեռք բերելու համար այն ժամանակահատվածում, երբ ՀՀԿ փոխնախագահը գլխավորել է բուհի հոգաբարձուների խորհուրդը: