ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի - Sputnik. ԲՐԻԿՍ-ի խորհրդարանի ստեղծումը հնարավոր է համարել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՝ ելույթ ունենալով ԲՐԻԿՍ-ի X խորհրդարանական համաժողովում: ՌԴ նախագահի խոսքը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
ԲՐԻԿՍ-ի տասներորդ խորհրդարանական համաժողովը տեղի է ունենում հուլիսի 11-12-ին Սանկտ Պետերբուրգում: Նիստի թեման է «ԲՐԻԿՍ-ի խորհրդարանական չափումը. միջխորհրդարանական փոխգործակցության ամրապնդման հեռանկարները»:
«Այո, ԲՐԻԿՍ-ը առայժմ չունի սեփական ինստիտուցիոնալ ձևակերպված խորհրդարանական կառուցվածք, բայց, կարծում եմ, ապագայում այդ գաղափարն անպայման կյանքի կկոչվի», - ասել է Ռուսաստանի ղեկավարը:
Ինչպես ընդգծել է ՌԴ նախագահը, միմյանց շահերը հաշվի առնելը և ժողովրդավարության վրա հենվելը ԲՐԻԿՍ երկրների փոխգործակցության սկզբունքներն են:
«Ներկայիս համաժողովի թեման՝ «Խորհրդարանների դերը բազմակողմանիության ամրապնդման գործում ՝ հանուն արդարացի գլոբալ զարգացման և անվտանգության», բացառիկ կարևոր է և ինքնին ընդգծում է գլոբալ, հիմնարար վերափոխումների բնույթը, որոնք այսօր տեղի են ունենում մեր մոլորակի վրա: Ե՛վ ձեր բաց քննարկումները, և՛ ժողովրդի ներկայացուցիչների ուղիղ զրույցը միմյանց հետ լիովին համահունչ են մեր կազմակերպության բուն փիլիսոփայությանը, աշխարհընկալման սկզբունքներին. դա միմյանց շահերը հաշվի առնելն է, միջազգային հարաբերություններում Ժողովրդավարության վրա հենվելը, ինքնիշխանության նկատմամբ հարգանքը, յուրաքանչյուրի ինքնատիպ զարգացման իրավունքը», - ասել Է Պուտինը համաժողովի ժամանակ:
Պետության ղեկավարը հավելել է, որ այդ «բրիկսյան» սկզբունքները մոտ և հասկանալի են միավորման բոլոր մասնակիցներին: Միևնույն ժամանակ նա վստահություն է հայտնել, որ ԲՐԻԿՍ երկրների խորհրդարանականները ծանրակշիռ ներդրում կունենան միավորման զարգացման գործում և կանեն ամեն ինչ աշխարհում լարվածությունը նվազեցնելու համար:
«Չէ որ դուք, որպես ձեր ժողովուրդների շահերի ներկայացուցիչներ, նրանց քաղաքական, ազգային կամքի արտահայտողներ, սուր եք զգում մեր մոլորակի վրա միլիոնավոր, կամ նույնիսկ առանց չափազանցության կարելի է ասել՝ միլիարդավոր մարդկանց իրական պահանջները, տրամադրություններն ու կարիքները։ Եվ վստահ եմ, որ ծանրակշիռ ներդրում կունենաք ԲՐԻԿՍ երկրների սոցիալ-տնտեսական զարգացման հարցերի լուծման, մեր ժողովուրդների բարեկեցության բարձրացման գործում և, իհարկե, կանեք հնարավոր ամեն ինչ՝ միջազգային լարվածությունը նվազեցնելու, ավելի արդարացի, ժողովրդավարական, բազմաբևեռ և բազմակողմ աշխարհակարգ ձևավորելու համար», - ասել է ՌԴ նախագահը՝ դիմելով համաժողովի մասնակիցներին։
Արևմուտքը կանոններ է գրում յուրաքանչյուր իրավիճակի համար՝ ի շահ նրանց, ովքեր գաղութատիրության լավագույն ավանդույթներով իրենց համարում են բացառիկ։ Ընդ որում, Արևմուտքն ուժի է դիմում աշխարհում գերիշխող դիրքը պահպանելու համար, իսկ Ռուսաստանը մտադիր է բարենպաստ պայմաններ ստեղծել ԲՐԻԿՍ միավորման մասնակից բոլոր երկրների զարգացման համար, ընդգծել է ՌԴ նախագահը:
«Ռուսաստանի ընթացիկ նախագահության գլխավոր նպատակը կառույցի բոլոր անդամների առաջանցիկ զարգացման համար առավելագույն բարենպաստ պայմանների ստեղծումն է», - հայտարարել Է Պուտինը:
Պուտինն անդրադարձել է նաև այն դիմադրությանը, որին բախվում են ԲՐԻԿՍ-ի երկրների ջանքերը:
«ԲՐԻԿՍ-ի և զարգացող այլ երկրների մասնակիցների ջանքերը բախվում են պետությունների իշխող էլիտաների, այսպես կոչված, «ոսկե միլիարդի» կատաղի դիմադրությանը», - ասել Է Պուտինը՝ միևնույն ժամանակ իրատեսական աշխարհակարգի կայացումն անվանելով ցավոտ գործընթաց։
«Մենք լավ հասկանում ենք, որ ուժերի իրական հավասարակշռությունը և աշխարհաքաղաքական, տնտեսական, ժողովրդագրական նոր իրականությունն արտացոլող աշխարհակարգի կայացումը բարդ գործընթաց է և շատ առումներով՝ նույնիսկ ցավոտ», - ասել Է Պուտինը:
ԲՐԻԿՍ-ի խորհրդարանականների հանդիպումները ամրապնդում են կազմակերպության հեղինակությունը, սակայն խորհրդարանական երկխոսությունը կարևորելով հանդերձ՝ Ռուսաստանը տեսնում է օրենսդիրների ուղղակի շփումները սահմանափակելու փորձեր, ինչը հակասում է յուրաքանչյուր պետության իրավունքին ՝ պաշտպանելու իր շահերը, նշել է Ռուսաստանի նախագահը:
«Խորհրդարանական համաժողովների, համաժողովների դերը, դրանց հաստատումը համաշխարհային քաղաքականության մեջ իսկապես հսկայական է, սա ասում եմ առանց չափազանցության ․.. Գլխավորն այն է, որ նման հանդիպումներն արդեն իրենց դրսևորել են որպես վստահության, փոխադարձ աջակցության և ազատ երկխոսության օրինակ, ամրապնդում են կազմակերպության հեղինակությունն ու նրա ազդեցությունն աշխարհում», - ասել Է Պուտինը։
Խոսելով այն մասին, որ ԲՐԻԿՍ-ի կողմնակիցների թիվն անընդհատ աճում է, Պուտինն ընդգծել է, որ կառույցը բաց է բոլոր շահագրգիռ երկրների հետ երկխոսության համար, և Ռուսաստանը կմեծացնի ԲՐԻԿՍ-ում կատարվող համապատասխան աշխատանքների տեմպերը՝ օգնելու նոր անդամներին:
«Այս տարվանից մեր միավորման մասնակիցների թիվը հասել է 10-ի։ Յուրաքանչյուր պետություն ինքնատիպ է, կրում է հնագույն մշակույթ և ավանդույթներ, իրականացնում է սոցիալ-տնտեսական և քաղաքական զարգացման իր մոդելը։ Եվ Ռուսաստանը գործադրում է բոլոր ջանքերը, որպեսզի նոր անդամներն արդյունավետորեն ինտեգրվեն կազմակերպության բազմապրոֆիլ մեխանիզմների ամբողջության մեջ», - ասել Է Պուտինը ։
Նա նաև կոչ է արել միասին գործել ԲՐԻԿՍ-ի կառուցողական ազդեցությունն ամրապնդելու և աշխարհն ավելի անվտանգ դարձնելու համար:
«Համոզված եմ, որ գործելով միասին ու համախմբված ՝ կկարողանանք հասնել մեր երկրների տնտեսական, ներդրումային, տեխնոլոգիական և մարդկային ներուժի առավելագույն իրացմանը, ամրապնդել ԲՐԻԿՍ-ի կառուցողական ազդեցությունը համաշխարհային գործընթացների վրա, աշխարհը, որում մենք ապրում ենք, դարձնել ավելի անվտանգ և շատ ավելի ներդաշնակ», - ասել Է Պուտինը:
Միևնույն ժամանակ, նա ընդգծել է, որ ԲՐԻԿՍ-ը մեծ ուշադրություն է դարձնում առևտրում և ներդրումներում ազգային արժույթների մասնաբաժնի ավելացմանը:
Ռուսաստանը այս տարվա հունվարի 1-ից ստանձնել է ԲՐԻԿՍ-ի նախագահությունը ։ Տարին սկսվեց կազմակերպությանը նոր անդամների միացմամբ․ բացի ՌԴ-ից, Բրազիլիայից, Հնդկաստանից, Չինաստանից և ՀԱՀ-ից, այն կառույցին արդեն անդամակցում են Եգիպտոսը, Եթովպիան, Իրանը, ԱՄԷ-ն և Սաուդյան Արաբիան: ԲՐԻԿՍ-ում Ռուսաստանի նախագահությունն ընթանում է արդարացի գլոբալ զարգացման և անվտանգության համար բազմակողմանիության ամրապնդման նշանաբանի ներքո: Իր նախագահության շրջանակներում ՌԴ-ն կկազմակերպի ավելի քան 200 քաղաքական, տնտեսական և հասարակական միջոցառումներ: