ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի – Sputnik. Հայաստանում այս պահին Team Telecom Armenia-ի ֆիքսված ու բջջային ինտերնետ կապի հասանելիության սահմանափակում կա, քանի որ միջազգային կապուղիները վնասվել են։ Այս մասին հայտարարություն է տարածել ընկերության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ մի քանի տեղում միջազգային կապուղիները վնասվել են իրականացվող ճանապարհաշինարարական աշխատանքների հետևանքով։
«Մեր տեխնիկական թիմն իրականացնում է անհրաժեշտ միջոցառումները խնդիրը հնարավորինս արագ լուծելու համար»,- տեղեկացնում են ընկերությունից:
Team Telecom-ի թիմը հայցում է բաժանորդների ներողամտությունը պատճառած անհարմարության համար:
Հավելենք, որ արդեն մեկ ժամից ավելի է՝ Team Telecom Armenia-ի բաժանորդներն ահազանգում են, որ ֆիքսված ու բջջային ինտերնետ կապի խնդիրներ ունեն։