ՄԱԿ-ում հույս ունեն, որ Երևան-Բաքու բանակցություններն արդյունավետ կլինեն. Դյուժարիկ

Կազմակերպության գլխավոր քարտուղարի ներկայացուցիչը մեկնաբանել է Վաշինգտոնում Միրզոյանի և Բայրամովի բանակցությունները:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի - Sputnik. ՄԱԿ-ը հուսով է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացն արդյունավետ կլինի։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը` մեկնաբանելով Վաշինգտոնում Էնթոնի Բլինկենի միջնորդությամբ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի բանակցությունները։
«Հույս ունենք, որ կարգավորման գործընթացը կտա արդյունքներ։ Վստահ եմ, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների բարելավումը և երկկողմ խնդիրների կարգավորումը խիստ դրական ազդեցություն կունենա ոչ միայն այդ երկրների, այլև ողջ տարածաշրջանի վրա»,- ասել է Դյուժարիկը։
Հիշեցնենք, որ եռակողմ հանդիպման արդյունքներով Հայաստանի ԱԳՆ-ն հայտարարել էր խաղաղության պատմական պայմանագրի ստորագրման և միջպետական հարաբերությունների հաստատման հարցում Երևանի և Բաքվի արձանագրած առաջընթացի մասին: Երկու պետություններն էլ պատրաստակամություն են հայտնել շարունակել այդ ուղղությամբ աշխատանքները: