Լոնդոնում աղեղնազենքով սպանել են BBC-ի մեկնաբան Ջոն Հանթի կնոջն ու երկու դուստրերին

Ոստիկանությունը որոնում է 26-ամյա Քայլ Քլիֆորդին, որը կասկածվում է եռակի սպանության մեջ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի - Sputnik. Լոնդոնում աղեղնազենքով սպանել են BBC-ի մեկնաբան Ջոն Հանթի կնոջն ու երկու դուստրերին։ Այս մասին հայտնում է The Times թերթը։
61-ամյա Քերոլ Հանթի և երկու դուստրերի՝ 25-ամյա Լուիզայի և 28-ամյա Հաննայի մարմինները ծանր վնասվածքներով հայտնաբերել են հուլիսի 9-ի երեկոյան՝ իրենց տանը: Դեպքի վայր ժամանած շտապօգնությունն արձանագրել է կանանց մահը։
Ընտանիքի սպանության ժամանակ Ջոն Հանթը մեկնաբանում էր ձիարշավը, որը տեղի էր ունենում Լոնդոնից հարավ գտնվող Լինգֆիլդ ձիարշավարանում։
Ոստիկանությունը որոնում է 26-ամյա Քայլ Քլիֆորդին, որը բնակվում է Լոնդոնի Էնֆիլդ շրջանում:
Սպանության դրդապատճառներն անհայտ են։
Ըստ BBC News-ի՝ 2022 թվականին Քլիֆորդը կարճ ժամանակով ծառայել է բրիտանական բանակում։ Sky News-ը գրում է, որ նա որոշ ժամանակ աշխատել է որպես անվտանգության աշխատակից։ Արդյոք նա ծանոթ էր Հանթի ընտանիքին՝ հստակ հայտնի չէ:
Տեղի ունեցածի կապակցությամբ գործընկերները ցավակցություն են հայտնել Ջոն Հանթին։
Թերթի տվյալներով՝ որոշ քաղաքային դպրոցներ սահմանափակումներ են մտցրել հանցագործության դեպքի հետ կապված։ Այն շրջանում, որտեղ բնակվում է կասկածյալը, Սուրբ Միքայելի կաթոլիկ գիմնազիայի ղեկավարությունը որոշել է երեխաներին արգելել դուրս գալ խաղահրապարակ։