ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի – Sputnik. «Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակում Հայաստան է այցելել աշխարհահռչակ իրանցի ռեժիսոր Ջաֆար Փանահին. նա կինոփառատոնի պատվավոր հյուրը կլինի։
«Սա Փանահիի առաջին փառատոնային այցն է 14 տարվա տնային կալանքից հետո, և Սերգեյ Փարաջանովի 100-ամյակի տարում «Ոսկե ծիրանը» Փանահիին հատուկ «Փարաջանովյան թալեր» կշնորհի՝ միավորելով երկու բախտակից արվեստագետներին»,– ասված է կինոփառատոնի ֆեյսբուքյան էջում հրապարակված հաղորդագրությունում։
Հենց Փանահին է Աբաս Քիառոստամիի, Մոհսեն Մախմալբաֆի, Դարիուշ Մեհրջուիի և այլ վարպետների հետ պատասխանատու 1980-90-ականների իրանական կինոյի մեծ վերելքի համար, որի արձագանքները լսելի են առայսօր։
Փանահին եզակի ռեժիսորներից է, որ արժանացել է թե՛ Լոկառնոյի կինոփառատոնի «Ոսկե հովազ»-ին, թե՛ Վենետիկի կինոփառատոնի «Ոսկե առյուծ»-ին, թե՛ Բեռլինի կինոփառատոնի «Ոսկե արջ»-ին, թե՛ անգամ Կաննի կինոփառատոնի «Ոսկե կինոխցիկ»-ին՝ լավագույն դեբյուտի համար։
Չնայած տնային կալանքին՝ Փանահին շարունակել է ստեղծագործել, երբ նրան պաշտոնապես արգելված էր ստեղծագործել։
Նշենք, որ 2010 թվականի մարտին Ջաֆար Փանահին ձերբակալվել է, ապա դատապարտվել վեց տարվա ազատազրկման հակակառավարական գործունեության և 2009 թվականի ընտրությունների պաշտոնական արդյունքների դեմ անցկացված բողոքի ակցիաներին մասնակցելու համար։