ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի - Sputnik. Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի (ԿԶԵՀ) կողմից ֆինանսավորվող ոռոգման համակարգերի արդիականացման ծրագրի շրջանակներում Հայաստանում վերականգնվել է շուրջ 400 կմ ոռոգման ջրանցք:
Ծրագրի իրականացումը երկրի տարբեր շրջաններում պետք է նվազեցնի ջրի կորուստները, ապահովի էլեկտրաէներգիայի խնայողություն մեխանիկական ոռոգումից ինքնահոս ոռոգման անցման հաշվին (տարեկան 14,4 մլն կվտ/ժ) և ոռոգելի հողատարածքների մակերեսը ավելացնի 35 հազար հեկտարով:
Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի աշխատակից
© Sputnik / Aram Nersesyan
Արմավիրի մարզի վերականգնված տեղամասեր այցելության ընթացքում ԿԶԵՀ նախագծային գործունեության ավագ մենեջեր Երլան Ալիասկարովը լրագրողներին հայտնել է, որ նախագծի նախապատրաստումը սկսվել է դեռևս 2013թ.-ին, իսկ աշխատանքները՝ 2017թ.-ին:
«Հայաստանի Հանրապետության կառավարության հետ մենք պայմանավորվել ենք, որ աջակցություն կցուցաբերենք ինչպես նոր մայրուղային և օժանդակ ջրանցքների, այնպես էլ ներտնտեսային ոռոգման համակարգերի վերականգնմանն ու կառուցմանը»,-ասել է Ալիասկարովը:
Ամբողջ նախագիծը գնահատվում է 50 մլն դոլար, որից 40 մլն դոլարը որպես արտոնյալ վարկ հատկացրել է հիմնադրամը, ևս 10 մլն դոլարը՝ ՀՀ կառավարությունը։ «Հայաստանի ոռոգման համակարգերի արդիականացում» ծրագրի շրջանակներում ծրագրի անմիջական իրականացմամբ զբաղվում է Հայաստանի Տարածքային զարգացման հիմնադրամը: Նախագիծը, ըստ Ալիասկարովի, 4 բաղադրիչ ունի։
Հայաստանում մոտ 400 կմ ոռոգման ջրանցք է վերականգնվել ԿԶԵՀ-ի աջակցությամբ
© Sputnik / Aram Nersesyan
Առաջինը էլեկտրաէներգիայի ծախսերը նվազեցնելն է՝ պոմպակայանների մի մասը փոխարինելով ինքնահոս համակարգերով։ Դրան ուղղվել է մոտ 10 մլն դոլար։
Երկրորդ բաղադրիչը գործող և նոր մայրուղային ու օժանդակ ջրանցքների վերականգնումն է։ Հաշվի առնելով 50-60 տարի առաջ կառուցված ենթակառուցվածքների մաշվածությունը՝ շատ հատվածներում ջրի կորուստները հասնում են 80-90 տոկոսի։ Ի սկզբանե նախատեսվում էր վերականգնել 340 կմ ջրանցք, սակայն միջոցների խնայողության շնորհիվ հնարավոր եղավ այդ թիվը հասցնել 400 կմ-ի: Դրա համար հատկացվել է մոտ 10 մլն դոլար:
Երրորդ բաղադրիչը ներտնտեսային համակարգերի կառուցումն է. դրանք մայրուղիներից և օժանդակ ջրանցքներից մինչև սպառողներ՝ գյուղացիների հողատարածքներ ջրի մատակարարման ուղիներն են: Այստեղ մոտ 15 մլն դոլար է ներդրվել։
Չորրորդ բաղադրիչը ինստիտուցիոնալ զարգացումն է։ Խոսքը թրեյնինգների և խորհրդատվությունների մասին է՝ մոտ 5 մլն դոլար է ներդրվել նախագծի այս մասի համար։
«Մենք աջակցել ենք Հայաստանում ոռոգման համակարգի զարգացման հայեցակարգի մշակմանը։ Այսինքն՝ առաջին քայլը հայեցակարգն է, երկրորդը՝ Հայաստանում ջրային ոլորտի զարգացման լիարժեք ռազմավարության մշակումը։ Այն այս պահին մշակման փուլում է»,-նշել է Ալիասկարովը։
Հայաստանում մոտ 400 կմ ոռոգման ջրանցք է վերականգնվել ԿԶԵՀ-ի աջակցությամբ
© Sputnik / Aram Nersesyan
Ծրագիրն առնչվում է երկրի գրեթե բոլոր մարզերին, սակայն աշխատանքների մեծ մասն իրականացվել է Կոտայքի, Արմավիրի, Գեղարքունիքի մարզերում: Նոր ենթակառուցվածքը համապատասխան սպասարկման դեպքում կարող է ծառայել 25 և ավելի տարիներ։ Ծրագիրն ամբողջությամբ նախատեսվում է ավարտել 2025թ.-ի հունիսի 30-ին: Ընդ որում, առաջին 3 բաղադրիչներն արդեն իրականացվել են 95%-ով:
Նշենք, որ Համաշխարհային բանկի գնահատականներով, որոնք հրապարակվել են մի քանի տարի առաջ, Հայաստանում ոռոգման համակարգի մաշվածությունը կազմում է մոտ 60 տոկոս:
ԿԶԵՀ-ը հիմնադրվել է Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի և Տաջիկստանի կողմից: Հիմնադրամի նպատակներն են նպաստել հիմնադրամի անդամ պետություններում տնտեսական և ֆինանսական կայունությանը, ինչպես նաև աջակցել դրանց կայուն զարգացմանը: