Երևանում տղամարդը փորձել է սպանել քրոջ ամուսնուն. ամուսիններն արթնացել են և վերցրել դանակը

Քննչական կոմիտե
Միջնորդություն է ներկայացվել դատարան, որպեսզի տղամարդու նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվի կալանքը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի – Sputnik. Երևանում 61-ամյա տղամարդը փորձել է սպանել քրոջ ամուսնուն, որն այդ պահին քնած է եղել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
Ըստ հաղորդագրության` հուլիսի 8-ին՝ ժամը 07։14-ին, Աստղիկ ԲԿ-ից հաղորդում է ստացվել, որ դանակահարվելու հետևանքով որովայնի շրջանի կտրած վերք ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի տղամարդ։
Ձեռնարկված օպերատիվ–հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է նշված անձի, ինչպես նաև նրան մարմնական վնասվածք պատճառողի ինքնությունը։ Երկուսն էլ Երևանի բնակիչներ են՝ ծնված 1963թ․։
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում քրեական վարույթ է նախաձեռնվել։
Նախաքննության ընթացքում պարզվել է, որ հուլիսի 8-ին՝ ժամը 06։30-ի սահմաններում, Երևան քաղաքի Վանթյան փողոցում գտնվող տանը 61–ամյա տղամարդը դանակով հարվածել է քրոջ քնած ամուսնու կրծքավանդակին, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում հանցանքն ավարտին չի հասցրել․ քույրը և նրա ամուսինը արթնացել են ու դանակը ձեռքից վերցրել։
Քրեական վարույթի շրջանակում կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում վերցվել է հանցագործության գործիք դանակը, հարցաքննվել են մի շարք անձինք, նշանակվել են դատաբժշկական, դատագենետիկական փորձաքննություններ:
61–ամյա տղամարդուն մեղադրանք է ներկայացվել։ Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանքը կիրառելու վերաբերյալ։
Նախաքննությունը շարունակվում է:
ՔՊ–ի գրասենյակի մոտ կրակոցներ են հնչել, վիրավոր կա