ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի – Sputnik. Պեկինը դեմ է ՆԱՏՕ-ի՝ տարածաշրջանային պաշտպանական կազմակերպության կարգավիճակի սահմաններից դուրս գալուն։ Այս մասին հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Լին Ցզյանը։
«Չինաստանը կտրականապես դեմ է, որ ՆԱՏՕ-ն ընդլայնի իր գործունեությունը դեպի Ասիական-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջան՝ հրահրելով հակամարտություններ և ուժեղացնելով առճակատումը, ինչպես նաև խաթարելով տարածաշրջանային բարգավաճումն ու կայունությունը»,- նշել է նա:
Նա նաև Հյուսիսատլանտյան դաշինքին կոչ է արել ավելի շատ գործնական քայլեր ձեռնարկել ամբողջ աշխարհում խաղաղության, կայունության և անվտանգության համար:
ՆԱՏՕ-ի գագաթաժողովն անցկացվում է հուլիսի 9-11-ը Վաշինգտոնում: