Վերին Լարսի մոտ շուրջ 1000 հայկական բեռնատար կա, բայց իրավիճակը կարգավորվում է. կցորդ

Բեռնատարներ
Հայաստանը Ռուսաստանին կապող միակ ցամաքային ճանապարհին այս պահին երթևեկության սահմանափակումներ չկան։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի – Sputnik. Վերին Լարսի անցակետի մոտ իրավիճակը քիչ–քիչ կարգավորվում է, հերթերն արդեն վերանում են։ Sputnik Արմենիային այս մասին ասաց ՌԴ-ում ՀՀ դեսպանատան մաքսային կցորդ Վահան Հակոբյանը:
Երեկ` հուլիսի 8-ին, Sputnik Գրուզիան հայտնել էր, որ ռուս-վրացական սահմանին ավելի քան 3 հազար բեռնատար է կուտակվել, սոցցանցերում մարդիկ գրում էին, որ ստիպված են շուրջ 10 ժամ սպասել իրենց հերթին։ Կուտակումներն առաջացել էին զբոսաշրջային սեզոնի սկսելու հետ կապված, քանի որ սահմանը հատող զբոսաշրջիկների թիվը կտրուկ ավելացել է:
«Այս պահին ՀՀ-ՌԴ ուղղության վրա ունենք մոտ 500 բեռնատար, որոնց մի մասը Վրաստանի տարածքում են, իսկ մյուս մասը արդեն Վերին Լարսի անցակետում ձևակերպվում են։ Նույն քանակի բեռնատարներ էլ ունենք հակառակ ուղղությամբ»,– ասաց Հակոբյանը:
Նա տեղեկացրեց, որ այս պահին երթևեկության սահմանափակումներ չկան, և հայկական բեռները ձևակերպվում են առանց խոչընդոտների:
Հիշեցնենք` Վրաստանը Մցխեթա–Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհի ամենավտանգավոր հատվածը (Գուդաուրի–Կոբի) շրջանցող ճանապարհ է կառուցում։ Խոսքը ինը կիլոմետրանոց թունելի մասին է։
Նախագծով նախատեսվում է կառուցել 23 կմ երկարությամբ երկշերտ բետոնե ճանապարհ, 5 կամուրջ, 5 թունել։ Նախագծի ավարտից հետո տրանսպորտային միջոցները Թբիլիսիից Ստեփանծմինդա (ՌԴ-ի հետ սահմանին) կհասնեն 1 ժամ 45 րոպեում (այժմ հասնում են 2 ժամ 30 րոպեում)։ Արդյունքում մեքենաների անխափան երթևեկություն կապահովվի ամբողջ տարվա ընթացքում: