ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի – Sputnik. Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը ՀՀ գլխավոր դատախազության վստահելի գործընկերն է։ Այս մասին ասել է ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը` այսօր ընդունելով ՀՀ–ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինի գլխավորած պատվիրակությանը: Տեղեկությունը հայտնում է ՀՀ դատախազության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ Վարդապետյանը շնորհակալություն է հայտնել Քվինին ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի ընտանիքին պատկանող` Լոս Անջելեսում գտնվող առանձնատան բռնագրավման և ամենաբարձր շուկայական արժեքով վաճառելու մասին համաձայնութան համար:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱՄՆ շրջանային դատարանը հունիսի 30–ին որոշում է կայացրել համաձայնություն տալ ՀՀ դատախազության ներկայացրած պահանջին` բռնագանձել Գագիկ Խաչատրյանի ընտանիքին պատկանող գույքը։
«Աննա Վարդապետյանը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ իրավասու մարմինների բոլոր գործընկերներին՝ արդարության նկատմամբ հանրության վստահության ամրապնդմանն ուղղված ջանքերի և արդյունավետ փոխգործակցության համար»,– ասված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք` ՀՀ հակակոռուպցիոն դատարանում քննվող ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցով ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանից և նրան փոխկապակցված 25 անձանցից ( ներառյալ նրա որդիներ Գուրգեն և Արտյոմ Խաչատրյաններից) պահանջվում է բռնագանձել 210 անշարժ գույք, 13 տրանսպորտային միջոց, մասնակցություններ 29 իրավաբանական անձերում, նաև ավելի քան 33 մլրդ դրամ: