ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի – Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին հանձնարարել են մշակել ԵԱՏՄ-ի և Հնդկաստանի միջև ազատ առևտրի մասին համաձայնագրի ստորագրման շուրջ բանակցությունների հարցը: Այս մասին ասված է «Ռուսաստան-Հնդկաստան. ամուր և ընդլայնվող գործընկերություն» ռուս-հնդկական 22-րդ ամենամյա գագաթնաժողովից հետո Կրեմլի կայքում հրապարակված հայտարարության մեջ:
«Առևտրում սակագնային և ոչ սակագնային արգելքների, այդ թվում՝ պրոտեկցիոնիստական միջոցների և վարչական արգելքների վերացման նպատակով կողմերը բարձր են գնահատել 2024 թվականի մարտին կայացած նախնական խորհրդակցությունները՝ Եվրասիական տնտեսական միության և Հնդկաստանի Հանրապետության միջև ազատ առևտրի մասին համաձայնագրի կնքման հարցի շուրջ լիաֆորմատ բանակցությունների քննարկման վերաբերյալ։ Ղեկավարները պրոֆիլային գերատեսչություններին հանձնարարել են մշակել ծառայությունների և ներդրումների ազատ առևտրի մասին երկկողմ համաձայնագրի ստորագրման հարցի շուրջ բանակցությունների անցկացման հնարավորությունը» – հայտնում է Կրեմլը։
Նշենք, որ Հնդկաստանի վարչապետը Մոսկվա է մեկնել հուլիսի 8-ին՝ մասնակցելու ռուս-հնդկական 22-րդ գագաթնաժողովին:
Հուլիսի 8-ի երեկոյան Ռուսաստանի և Հնդկաստանի ղեկավարները Նովո-Օգարյովոյում հանդիպել են ոչ պաշտոնական մթնոլորտում: Հուլիսի 9-ին պաշտոնական բանակցություններ են անցկացվել: