Ինչպե՞ս կանդրադառնան ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Ադրբեջանի ընտրությունները ՀՀ–ի վրա. կանխատեսում

Սուրեն Սուրենյանց
Քաղաքական վերլուծաբանի կարծիքով` ԱՄՆ–ի նախընտրական գործընթացները կարող են երկրում տուրբուլենտություն առաջացնել, ինչից կարող են օգտվել ամբողջ աշխարհում հակամարտությունների մասնակիցները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի – Sputnik. ԱՄՆ–ի, Ֆրանսիայի և Ադրբեջանի ընտրություններն ինչպե՞ս կարող են անդրադառնալ Հայաստանի վրա։ Քաղաքական վերլուծաբան, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության առաջնորդ Սուրեն Սուրենյանցն այս հարցին պատասխանեց Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում։
Ֆրանսիա
Սուրենյանցի խոսքով` Ֆրանսիայի ընտրությունների արդյունքներով նախագահ Էմանուել Մակրոնը մարտավարական առումով կատարեց իր առջև դրված խնդիրը` «ջարդել» աջ ուժերի բարձրացրած ալիքը: Մարտավարական առումով դա չփոխեց իրավիճակը. նրա կուսակցությունը երկրորդ տեղում է, բացարձակ մեծամասնություն ունեցող ուժ չկա, իսկ Ֆրանսիայի քաղաքական մշակույթին խորթ են փոխզիջումները:
«Շատ բարդ իրավիճակ է, և Ֆրանսիայում ճգնաժամը չի վերացել, այն կոնսերվացված է։ Եթե նույնիսկ հնարավոր լինի մեծամասնություն ձևավորել, ապա այս խորհրդարանը երկար կյանք չի ունենա, որովհետև շուտով կփլուզվի»,– ասաց Սուրենյանցը` չբացառելով, որ մեկ տարի անց Մակրոնը կգնա նոր ընտրությունների։
Խորհրդարան անցած ուժերի տեսանկյունից ընտրությունների արդյունքները չպետք է անհանգստացնեն Հայաստանին, քանի որ Ֆրանսիայի մեյնսթրիմում գրեթե չկան հակահայկական ուժեր։
Խնդիրն այլ է` եթե Ֆրանսիայում տուրբուլենտություն սկսվի, կաթվածահար լինի կառավարության և խորհրդարանի աշխատանքը, ապա Փարիզը կթուլացնի ակտիվությունը արտաքին քաղաքական բոլոր ուղղություններով։
Ֆրանսիացիները արեցին իրենց ընտրությունը. քվեարկեցին անորոշ ու անկանխատեսելի ապագայի օգտին
Ադրբեջան
Ադրբեջանում սեպտեմբերին սպասվող ընտրությունները ներքաղաքական կյանքում ոչինչ չեն փոխի։ Սուրենյանցի կարծիքով` միակ հարցն այն է` արդյոք թույլ կտան, որ ընդդիմադիր պատգամավոր մտնի խորհրդարան, թե ոչ։ Ինչպես նաև կարող է փոխվել քաղաքական կլանների դասավորվածությունը։
«Մեզ համար Ադրբեջանի ընտրությունները կարևոր են այլ տեսանկյունից։ Ես ենթադրում եմ, որ ընտրությունների վաղաժամ անցկացումը կապված է ոչ թե COP29–ի հետ, ինչպես ներկայացնում են Բաքվում, այլ ուրիշ բանի հետ։ Կարծում եմ, որ Ալիևն իր ձեռքերն ազատում է հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին, քանի որ նրա հաշվարկներով` ԱՄՆ-ում ընտրությունների հետ կապված տուրբուլենտությունը կարող է բարենպաստ պայմաններ ստեղծել Հայաստանի նկատմամբ հնարավոր ռազմական գործողությունների համար»,– նշեց Սուրենյանցը։
Նրա խոսքով` իզուր չէ, որ Ադրբեջանը նոր պահանջներ ներկայացնում Հայաստանին։
ԱՄՆ
ԱՄՆ–ում սպասվող նախագահական ընտրությունները, ըստ Սուրենյանցի, հստակ ցույց են տալիս քաղաքական Արևմուտքի համակարգային ճգնաժամը։
«Իրեն մարդասիրության փարոս հռչակած երկրում ամենաանմարդկային վերաբերմունքն են ցուցաբերում անօգնական ծեր մարդու` Բայդենի նկատմամբ, որն ակնհայտորեն առողջական խնդիրներ ունի տարիքի պատճառով»,– ասաց Սուրենյանցը։
Մյուս կողմից էլ կա թեկնածու Դոնալդ Թրամփը, որը դատարանի կողմից ճանաչվել է որպես հանցագործ։ Եթե ֆորսմաժորներ չլինեն, ապա Բայդենին լուրջ ֆիասկո է սպասում։
Քաղաքական վերլուծաբանի կարծիքով` ԱՄՆ–ի ընտրություններից հետո հնարավոր տուրբուլենտությունը, լարվածությունը կարող են աշխուժացնել աշխարհում առկա հակամարտությունները: Դրա վրա է հույս դրել, օրինակ, Իլհամ Ալիևը։