Փաշինյանն ու Իրանի նորընտիր նախագահը զրուցել են հեռախոսով. ի՞նչ են պայմանավորվել

Նիկոլ Փաշինյան
Երկրների առաջնորդները վերահաստատել են իրենց հավատարմությունը նախկինում միջպետական մակարդակում ձեռք բերված պայմանավորվածություններին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի – Sputnik. Տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցն Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ: Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։
Հուլիսի 6-ին Փաշինյանը շնորհավորական ուղերձ էր հղել Մասուդ Փեզեշքիանին Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու առթիվ:
Այսօրվա հեռախոսազրույցի ժամանակ նա կրկին շնորհավորել է Իրանի նախագահին ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ և արդյունավետ պաշտոնավարում մաղթել նրան:

«Զրուցակիցները վերահաստատել են իրենց հավատարմությունը նախկինում միջպետական մակարդակում ձեռք բերված պայմանավորվածություններին»,- նշված է հաղորդագրության մեջ:

Երկու երկրների առաջնորդները պայմանավորվել են առաջիկա պատեհ առիթով հանդիպել:
Հիշեցնենք` հուլիսի 6-ին հայտնի դարձավ, որ Իրանի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում հաղթել է առողջապահության նախկին նախարար Փեզեշքիանը։ Նա առաջադրվել էր որպես ռեֆորմիստական ​​թևի թեկնածու։ Մասուդ Փեզեշքիանն էթնիկ ադրբեջանցի է, ծնվել է 1954 թվականի սեպտեմբերի 29-ին Մահաբադ քաղաքում (Արևմտյան Ադրբեջան նահանգ):