Ֆրանկոֆոնիայի ԽՎ-ն բանաձև է ընդունել ու դատապարտել ԼՂ-ում Ադրբեջանի գործողությունները

Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողով
Բանաձևով խստորեն դատապարտվում է ադրբեջանական ռազմական ներխուժումը, Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության էթնիկ զտումը և հայկական մշակութային և կրոնական ժառանգության ոչնչացումը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի – Sputnik. Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովն ընդունել է «Լեռնային Ղարաբաղի հայերի և Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության վերաբերյալ» բանաձևը։ Տեղեկությունը ֆեյսբուքյան էջում հայտնում է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ, Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը։
Բանաձևում նշվում է, որ հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի վրա Ադրբեջանի՝ 2023 թվականի սեպտեմբերի 19-ի հարձակումը, ավելի քան 100 000 հայերի բռնի տեղահանումը և Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքային ամբողջականության շարունակական խախտումները` վեհաժողովը կոչ է անում հարգել Հայաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունն իր սահմաններում։ Բանաձևը խստորեն դատապարտում է ադրբեջանական ռազմական ներխուժումը, Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության էթնիկ զտումը և հայկական մշակութային և կրոնական ժառանգության ոչնչացումը։
«Բանաձևն աներկբա աջակցություն է հայտնում Հայաստանի անկախությանը և ինքնիշխանությանը, աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը՝ հիմնված տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման վրա, ինչպես նաև 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա սահմանների սահմանազատմանը, տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակմանը՝ հիմնված ինքնիշխանության, ազգային իրավազորության, հավասարության և փոխադարձության սկզբունքների վրա»,- գրել է Եղոյանը։
Պատգամավորը հայտնում է, որ այս համատեքստում վեհաժողովը նաև աջակցություն է հայտնել ՀՀ «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը։