Երևանում հունվարի 1–ից հունիսի 30–ը հասարակական տրանսպորտի 167 վարորդ ազատվել է աշխատանքից

Միայն մայիսի 25-ից մինչև հուլիսի 3-ն ընկած ժամանակահատվածում ավտոբուսների վարորդների պահվածքի վերաբերյալ ուղևորներն ահազանգել են 117 անգամ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի – Sputnik. «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ում տարվա սկզբից ավելի քան 160 վարորդ ազատվել է աշխատանքից։ Տեղեկությունը «Ֆեյսբուքի» իր էջում հայտնել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։
«2024 թվականի հունվարի 1-ից մինչև հունիսի 30-ն ընկած ժամանակահատվածում 167 վարորդ ազատվել է աշխատանքից»,– գրել է Կոստանյանը։
Նա ընդգծել է, որ ազատման պատճառներից են քաղաքացիների հանդեպ ոչ պատշաճ վերաբերմունքը, երթևեկության ընթացքում թույլ տված պարբերական խախտումները, ինչպես նաև ծառայողական այլ խնդիրներ։
Հիշեցնենք, որ հուլիսի 8-ին, գործակարգավարական խորհրդակցության ժամանակ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ–ից հայտնեցին, որ մայիսի 25-ից մինչև հուլիսի 3-ն ընկած ժամանակահատվածում ավտոբուսների վարորդների պահվածքի վերաբերյալ ուղևորներն ահազանգել են 117 անգամ։ Ահազանգերի հիման վրա վարորդներին զգուշացումներ, բանավոր և գրավոր նկատողություններ են տրվել, ինչպես նաև կազմվել են արձանագրություններ։ Այդ ժամանակահատվածում միայն 1 վարորդ է ազատվել աշխատանքից։