Երևանի Մյասնիկյան պողոտան փուլ առ փուլ մեկ ամիս միակողմանի փակ կլինի

Շուրջ մեկ ամիս երթևեկությունն իրականացվելու է հանդիպակաց ուղղության երթևեկելի մեկ գոտու հաշվին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի – Sputnik. Մյասնիկյան պողոտան փուլ առ փուլ մեկ ամիս միակողմանի փակ կլինի։ Տեղեկությունը հայտնում է Երևանի քաղաքապետարանը։
Քաղաքապետարանից նշում են, որ ճանապարհը փուլ առ փուլ միակողմանի փակ կլինի այսօրվանից` հուլիսի 9–ից մինչև օգոստոսի 9–ը՝ ժամը 23:00–ից մինչև 07:00–ը` պայմանավորված միջին նորոգման աշխատանքներով։
Այդ ժամանակահատվածում միակողմանի փակ կլինի Մյասնիկյան պողոտա– Հերացի փողոց հատումից մինչև Մյասնիկյան պողոտա–Աճառյան փողոց հատում ճանապարհահատվածը։ Այնուհետև միակողմանի կփակվի հետադարձ ուղղությունը:
«Երթևեկությունն իրականացվելու է հանդիպակաց ուղղության երթևեկելի մեկ գոտու հաշվին»,– նշված է հաղորդագրության մեջ:
Քաղաքապետարանից տրանսպորտային միջոցների վարորդներին առաջարկում են դեպի Նոր Նորք վարչական շրջան երթևեկել Արմենակյան կամ Բաբաջանյան փողոցներով:
Նաև հորդորում են` տրանսպորտային միջոցները չկայանել վերոնշյալ ճանապարհահատվածի երթևեկելի մասում: