Դատախազությունը կբողոքարկի Վլադիմիր Գասպարյանի և մյուսների դատավճիռը

ՀՀ նախկին ոստիկանապետն ու փոխոստիկանապետը մեղավոր են ճանաչվել, միաժամանակ պատժի կրումից ազատվել են համաներմամբ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի – Sputnik. Դատախազությունը համաձայն չէ ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի և մյուսների նկատմամբ կայացված դատավճռի հետ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեցին, որ դատախազությունը բողոքարկելու է դատավճիռը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Վլադիմիր Գասպարյանն ու նախկին փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանը մեղավոր ճանաչվեցին ու դատապարտվեցին 6 տարվա ազատազրկման, սակայն որոշ հոդվածներով պատժի կրումից ազատվեցին համաներմամբ, որոշ հոդվածներով՝ վաղեմության ժամկետը լրանալու հիմքով։
Ոստիկանության ներքին աուդիտի վարչության նախկին պետ Վարդան Թունյանն ու ոստիկանության զորքերի զորամասի նախկին հրամանատար Գուրգեն Գրիգորյանը ևս մեղավոր ճանաչվեցին, սակայն ազատվեցին պատժի կրումից վաղեմության ժամկետը լրանալու հիմքով։
Հիշեցնենք՝ 2023 թ. հուլիսին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն հաղորդագրություն տարածեց, ըստ որի` ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն օրինականացրել (լվացել) է հանցավոր ճանապարհով ստացված ընդհանուր շուրջ 2 մլրդ դրամի գույք:
Վլադիմիր Գասպարյանին մեղադրանք առաջադրվեց մի շարք հոդվածներով` ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, 308-րդ հոդվածի 2-րդ մասով ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, 44-256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով 445-րդ հոդվածի 1-ին մասով: