ԲԴԽ–ում քննում են դատավոր Դանիբեկյանին պատասխանատվության ենթարկելու հարցը

ՀՀ արդարադատության նախարարության ներկայացուցչի խոսքով` դատավորը անհարկի ձգձել է ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստերը, չի կիրառել անհրաժեշտ գործիքակազմ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի – Sputnik. Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր, ՀՀ առաջին նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ հարուցված քրեական գործը քննող Աննա Դանիբեկյանը կոպիտ անփութությամբ խախտել է դատավորի վարքագծի կանոնները։ Այս մասին ՀՀ բարձրագույն դատական խորհրդի նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ արդարադատության նախարարության ներկայացուցիչը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ արդարադատության նախարարը 2024 թ. մարտի 1-ից Դանիբեկյանի նկատմամբ կարգապահական վարույթ էր հարուցել։
Դանիբեկյանի վերաբերյալ կարգապահական գործը ԲԴԽ–ում այսօր քննվում է 2–րդ անգամ. նախորդ նիստը հետաձգվել էր։
Նիստի ժամանակ ՀՀ արդարադատության նախարարության ներկայացուցիչը նշեց, որ դատավորի նկատմամբ վարույթ հարուցվել ՀՀ դատական դեպարտամենտի հրապարակած աղմկահարույց տեսանյութի պատճառով, որտեղ խոսվում է նաև ՀՀ նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի գործով դատական նիստերի մասին։
«Ըստ այդ տեսնայութի` Դանիբեկյանի կողմից դատավորի վարքագծի խախտումներ են եղել։ Մասնավորապես, նա Քոչարյանի և մյուսների քրեական գործը քննել է ավելի քան 4 տարի 5 ամիս, այսինքն` անհարկի ձգձել է, ու այդ ընթացքում դատավորի կողմից չի կիրառվել անհրաժեշտ գործիքակազմը, որպոսզի գործը քննվեր ողջամիտ ժամկետում։ Դրա հետևանքով 2023 թ. դեկտեմբերին Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է` քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցնած լինելու հիմքով»,– հայտարարեց ՀՀ ԱՆ ներկայացուցիչը։
Ըստ նրա` դատական նիստերի հետաձգումները հիմնավորված չեն եղել, դատարանը չի իրականացրել դատական սանկցիա կիրառելու իր իրավունքը։
Աննա Դանիբեկյանի դեմ հարուցված կարգապահական վարույթը ԲԴԽ-ում է. «Ժողովուրդ»
Նշվեց նաև, որ դատավոր Դանիբեկյանի կողմից կոպիտ անփութությամբ խախտվել են դատավորի վարքագծի կանոնները։ Նախարարության ներկայացուցչի խոսքով` դատավորը չի գիտակցել իր կատարած խախտման բնույթը, թեև պարտավոր էր գիտակցել հատկապես դրա հետևանքները։
Հիշեցնենք` 46-ամյա Աննա Դանիբեկյանը դատավոր է նշանակվել 2016 թվականին։