ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի – Sputnik. ՀՀ բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ դադարեցվել է դատավոր Արթուր Ստեփանյանի լիազորությունները։ Տեղեկությունը հայտնում է ԲԴԽ մամուլի ծառայությունը։
«Բարձրագույն դատական խորհուրդը՝ քննելով արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի միջնորդությունը Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Արթուր Ստեփանյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ որոշեց բավարարել։ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Արթուր Ստեփանյանի լիազորություններն էական կարգապահական խախտման հիմքով դադարեցնել»,–նշված է հաղորդագրության մեջ։
Որոշումն ուժի մեջ է մտել հրապարակման պահից և վերջնական է։
ԲԴԽ–ն պարզաբանել է, որ միջնորդության ներկայացման համար հիմք է հանդիսացել այն, որ դատավորը բազմաթիվ դատական գործերով մի քանի տասնյակ վճիռները Դատական իշխանության պաշտոնական կայքում հրապարակել և վճռի օրինակը դատավարության կողմերին տրամադրել է օրենքով սահմանված ժամկետների կոպիտ խախտմամբ։
Հաշվի առնելով դատավորի կատարած իրավախախտման բազմակի բնույթը՝ խորհուրդը հանգել է դատավորի լիազորությունների դադարման որոշմանը: