Ավետ Պողոսյանի պաշտոնազրկումը խոր արմատներ ունի. «Ժողովուրդ»

Նշվում է, որ Պողոսյանը ձախողել է իր կողմից համակարգվող ոլորտի աշխատանքը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի – Sputnik. ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ավետ Պողոսյանի անակնկալ պաշտոնազրկումը խոր արմատներ ունի: Այս մասին հայտնում է «Ժողովուրդ» օրաթերթը։
Թերթը գրում է, որ կառավարությունից իրենց հասած լուրերի համաձայն` Պողոսյանի պաշտոնանկության պատճառը ոլորտում աշխատանքը ձախողելն է։ Նշվում է, որ երբ «Հայասաթ-1» արբանյակը ԱՄՆ-ի «Վանդենբերգ» ավիաբազայից ուղարկվել է տիեզերք SpaceX ընկերության Falcon-9 հրթիռով (ապա նաև «Արմսաթ-1»-ը), լուրջ խնդիրներ են առաջացել։
«Բանն այն է, որ ըստ տարբեր մասնագետների` տիեզերք ուղարկված արբանյակները այլ երկրների արբանյակների գլխին պատուհաս են դարձել, խափանել շատ երկրերի արբանյակների կամ դրանց ծրագրերի մի մասի գործունեությունը: Տարբեր երկրների կառավարություններից ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին նամակներ են հղել, հորդորել են իջեցնել արբանյակը/ները, քանի որ ոչ պրոֆեսիոնալ և չհաշվարկված է եղել աշխատանքը, ինչպես նաև որակը և մեկնարկը: Կառավարությունները պնդել են, որ իրենց արբանյակների աշխատանքը խափանում է գրանցել հենց «Հայասաթ»-ի պատճառով։ Ավետ Պողոսյանին հենց այս պատճառով էլ հեռացրել են բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից»,– գրում է թերթը։
Պարբերականը դիմել է Ավետ Պողոսյանին տեղեկությունները ճշտելու համար, վերջինս ասել է, որ իրեն աշխատանքից չեն ազատել, առավել ևս՝ լուրջ պատճառներով: Ինչ վերաբերում է «Հայասաթ 1» արբանյակին, Պողոսյանը շեշտել է` դա մասնավոր նախաձեռնություն է, որը պետության և նախարարության հետ կապ ունի միայն այնքանով, որ պետությունից ստացել է տիեզերական գործունեության լիցենզիա՝ օրենքով սահմանված կարգով:
Փաշինյանը պաշտոնից ազատել է ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահին
«Իսկ եթե նկատի ունեք ՀՀ-ին պատկանող «Արմսաթ 1» արբանյակը, այն բնականոն հունով շարունակում է իր աշխատանքը՝ ինչպես ի սկզբանե նախատեսված է եղել: Ձեր և որևէ տեղեկություն իրականությանը չի համապատասխանում»,– ասել է Պողոսյանը:
Հիշեցնենք, որ Ավետ Պողոսյանը ԲՏԱ նախարարի տեղակալի պաշտոնում նշանակվել է 2022 թվականի հունիսի 20-ից, իսկ աշխատանքից ազատվել է հուլիսի 3-ից։
Նշվում է նաև, որ Պողոսյանը ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանի ամուսինն է։