Հակակոռուպցիոն դատարանն այսօր մեղավոր է ճանաչել նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գապարյանին ու նրա նախկին տեղակալ Լևոն Երանոսյանին։ Գասպարյանը մեղավոր է ճանաչվել երկու դրվագներով, սակայն, ազատվել է քրեական պատասխանատվությունից՝ վաղեմության ժամկետները լրանալու հիմքով։ Այլ երկու դրվագներով նախկին ոստիկանապետը մեղավոր է ճանաչվել և նրա նկատմամբ որպես պատիժ է նշանակվել ազատազրկումը՝ յուրաքանչյուր դրվագով հինգ տարի ժամկետով, սակայն հիմնական պատիժները մասնակի գումարելու միջոցով վերջնական հիմնական պատիժ է նշանակվել ազատազրկումը 6 տարի ժամկետով։ Գասպարյանը, սակայն, համաներմամբ ազատ է արձակվել։ Իսկ ստորագրությամբ չհեռանալու մասին խափան միջոցը մնացել է անփոփոխ՝ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը։ Որպես դատական ծախս Գասպարյանից կգանձվի 200 հազար դրամ։
Փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանը մեղավոր է ճանաչվել երկու դրվագներով, սակայն կրկին ազատվել է պատասխանատվությունից՝ վաղեմության ժամկետները լրանալու հիմքով։ Մեկ այլ դրվագով մեղավոր ճանաչվելով Երանոսյանի համար պատիժ է սահմանվել ազատազրկումը հինգ տարի ժամկետով, սակայն նա ևս համաներմամբ ազատ է արձակվել։ Դատախազությունից Sputnik Արմենիային հայտնել են, որ բողոքարկելու են Գասպարյանի նկատմամբ դատարանի վճիռը։
Ոստիկանության ներքին աուդիտի վարչության նախկին պետ Վարդան Թունյանն ու ոստիկանության զորքերի զորամասի նախկին հրամանատար Գուրգեն Գրիգորյանը ևս մեղավոր են ճանաչվեցին, սակայն ազատվեցին պատժի կրումից վաղեմության ժամկետը լրանալու հիմքով։
«Գնալու եմ արդարացման ճանապարհով»,-դատավճռից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասել է նախկին ոստիկանապետը։