ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի - Sputnik. Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը Պեկինում Չինաստանի ղեկավար Սի Ծինփինի հետ բանակցություններից հետո մեկնում է Վաշինգտոն: Այս մասին նա հայտնել է սոցիալական ցանցում։
«Հաջորդ կանգառը Վաշինգտոնն է»,- գրել է Օրբանը Պեկինից հեռացող ինքնաթիռի կադրերին կից:
Օրբանի՝ ԱՄՆ այցի ծրագիրը չի հաղորդվում։
Ավելի վաղ Օրբանը «խաղաղության առաքելության» շրջանակներում իր երրորդ կանգառն անվանել էր Պեկինը:
Հուլիսի 5–ին Վիկտոր Օրբանը պատվիրակության հետ ժամանել էր Մոսկվա և հանդիպում ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Մոսկվա կատարած այցը նա անվանել էր խաղաղ առաքելության հաջորդ փուլը։ Դրա առաջին փուլը հուլիսի 2-ին Կիև մեկնելն էր: Հունգարիայի վարչապետը հայտարարել է, որ մտադիր է շուտով մի քանի «նույնքան անսպասելի» հանդիպումներ անցկացնել:
Նշենք, որ Հունգարիան ԵՄ անդամ պետություն է, որը մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը ԵՄ նախագահում է խորհուրդը: