Հունգարիան բարձր է գնահատում Ուկրաինայի հարցում Չինաստանի խաղաղ նախաձեռնությունը։ Այս մասին հայտարարել Է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, որն իր «Խաղաղության առաքելության» շրջանակներում հանդիպում է ունեցել Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ։ Նրա խոսքով՝ Հունգարիան «միշտ խաղաղության կողմն է և երբեք՝ պատերազմի», քանի որ հունգարացի ժողովուրդը ձգտում է խաղաղության, հավասարակշռության և ներդաշնակության:
Օրբանը նաև պատմական է համարել մայիսին ՉԺՀ նախագահի այցը Բուդապեշտ, որտեղ ձեռք են բերվել «լուրջ պայմանավորվածություններ»:
Չինաստանի նախագահ Սի Ծինփինի և Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հանդիպումը տեղի է ունեցել հուլիսի 8-ի օրվա առաջին կեսին Պեկինի Դյաոյույթայ պետական նստավայրում: Հուլիսի 5-ին Օրբանը պատվիրակության հետ ժամանել էր Մոսկվա և հանդիպում ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Մոսկվա կատարած այցը նա անվանել էր խաղաղ առաքելության հաջորդ փուլ, որի առաջին փուլը հուլիսի 2-ին Կիև մեկնելն էր:
Հունգարիայի վարչապետը հայտարարել էր, որ մտադիր է շուտով մի քանի նման անսպասելի հանդիպումներ անցկացնել: