Մակրոնը չի ընդունել վարչապետի հրաժարականը և խնդրել է նրան շարունակել պաշտոնավարումը

Էմանուել Մակրոն
Ատալի հետագա աշխատանքըկոչված է ապահովելու երկրի կայունությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի – Sputnik. Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երկրի վարչապետ Գաբրիել Ատալին խնդրել է շարունակել կառավարության ղեկավարի պարտականությունները: Տեղեկությունը հայտնում է BFMTV-ն։
Ատալը հրաժարական էր տվել խորհրդարանի արտահերթ ընտրությունների հաջորդ օրը, երբ նախագահ Մակրոնի կոալիցիան չէր կարողացել գրավել առաջին տեղը։
«Մակրոնը խնդրել է Ատալին առայժմ մնալ վարչապետի պաշտոնում՝ երկրում կայունություն ապահովելու համար», - նշում է հեռուստաալիքը՝ հղում անելով նախագահի վարչակազմին:
Հիշեցնենք` Ֆրանսիայում հուլիսի 7-ին անցկացվեց Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) արտահերթ ընտրությունների երկրորդ փուլի քվեարկությունը: Նախնական տվյալներով՝ խորհրդարանական ընտրություններում հաղթել է «Նոր ժողովրդական ճակատ» ձախակողմյան կուսակցությունների դաշինքը՝ ստանալով Ազգային ժողովի 577 տեղերից 181-ը: Երկրորդ տեղը զբաղեցրել է Մակրոնի «Միասին» դաշինքը՝ ստանալով 168 տեղ։ Մարին Լը Պենի «Ազգային միավորումը» խորհրդարանական ընտրությունների արդյունքներով զբաղեցրել է երրորդ տեղը ՝ ստանալով 143 տեղ։
Ֆրանսիայի նախագահը պիտի նշանակի նոր վարչապետ, որը պետք է ստանա խորհրդարանի նոր կազմի աջակցությունը: