ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի – Sputnik. Ուկրաինան օգտագործել է ԱՄՆ-ի կողմից մատակարարված ATACMS հրթիռները Ղրիմի վրա հարձակումների ժամանակ, ճեպազրույցում ասել է Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Քիրբին։
Ինչպես նշել է Քիրբին, Ուկրաինան իրեն մատակարարված զենքն օգտագործում է ոչ միայն առաջնագծում, այլ նաև թիկունքում։
Նրա խոսքով՝ Ղրիմում այդ հրթիռները ոչնչացրել են ռուսական զենիթահրթիռային համակարգեր, հրամանատարական կենտրոններ և օդանավակայաններ, ինչպես նաև Սևաստոպոլի նավահանգստում խորտակել են թեւավոր հրթիռներով վերջին ռազմանավը։
Նա չի խոսել խաղաղ բնակչության (մասնավորապես՝ Սևաստոպոլի լողափում հանգստացողների) վրա հարձակումների մասին։
Նա այս և այլ «աջակցություններն» անվանել է ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցությանը տանող ուղի՝ հավելելով, որ ուկրաինացի ժողովուրդը ցույց է տվել, որ պատշաճ մատակարարումներով և միջազգային հանրության աջակցությամբ «պատրաստ է զսպել ագրեսիան այժմ և ապագայում»։
Խոսելով ՆԱՏՕ-ի 75-ամյակին նվիրված առաջիկա գագաթնաժողովի մասին՝ Քիրբին ասել է, որ պաշտոնական ողջույններ կլինեն Շվեդիային և Ֆինլանդիային՝ որպես ՆԱՏՕ-ի նոր անդամներ։