ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի – Sputnik. Հայաստանի խանութներում կաթնային յուղով պատրաստված արտադրանքի տարբերակումը լավ լուծում է, բայց թերի: Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց Հայաստանի պանրագործների միության նախագահ Արմեն Գիգոյանը՝ մեկնաբանելով հուլիսի 4-ին կառավարության նիստում հավանության արժանացած և խորհրդարան ուղարկված «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը։
Այդ նախագծի համաձայն՝ կաթնային յուղով պատրաստված արտադրանքը կլինի կանաչ գունանշմամբ, կաթնային յուղի փոխարինիչներովը` նարնջագույն։ Բացի այդ, առևտրի օբյեկտներըպետք է դրանք տեղադրեն տարբեր դարակաշարերում (այս վերջին պահանջը նախատեսված է նաև ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգով, բայց գործնականում գրեթե չի կիրառվել. խմբ) ։
«Հայաստանում ավելի շատ կաթ արտադրելու հնարավորություն կա, քան արտադրվում է հիմա. աշխարհագրական պայմանները, արոտավայրերի և կերային բազայի առկայությունը թույլեն տալիս դա: Սակայն բիզնեսի համար ավելի շահավետ է կաթի փոշի և այլ հումք (այդ թվում ՝ բուսական յուղեր) ներկրել արտերկրից»,– ասաց Գիգոյանը։
Արդյունքում արտադրամասերն ավելի քիչ են հետաքրքրված տեղական կաթով, նրանք ցածր գներ են առաջարկում դրա համար, իսկ ֆերմերներն էլ, ըստ այդմ, արտադրությունը չեն ավելացնում կամ նույնիսկ կրճատում են: Գիգոյանը նշեց, որ հատկապես վերջին տարիներին կաթի փոշին լայնորեն կիրառվում է պանրի արտադրության մեջ։
Իհարկե, պետք է հաշվի առնել, որ ընկերությունները ստիպված են մրցակցել գների հարցում, և եթե մեծ շուկա հանեն 100% անարատ կաթից պատրաստված արտադրանք, այն չափազանց թանկ կլինի։ Փորձագետի խոսքով` այս խնդրի լուծումիցէ պետք սկսել։
«Պետք է բիզնեսի համար ստեղծել այնպիսի պայմաններ, որ տեղական կաթ գնելն ավելի ձեռնտու լինի։ Դժվար է երկու բառով ասել, թե ինչպես պետք է դա անել, բայց համապատասխան մեթոդներ վաղուց կան աշխարհում, այս առումով նոր բան ստեղծել պետք չէ», - հավելեց Գիգոյանը։
Նա ընդգծեց` տեղական կաթի արտադրության ծավալը պետք է բարձրացնել նաև երկրի պարենային անվտանգության ապահովման նպատակով՝ հաշվի առնելով, որ չնախատեսված դեպքերում կարող են ներմուծման հետ կապված խափանումներ առաջանալ։
Նշենք, որ պաշտոնական տվյալներով՝ մի քանի տարի առաջ Հայաստանում արտադրվել է տարեկան մոտ 700 հազար տոննա կաթ (2018 – ին՝ 698 հազար, 2021-ին՝ 670 հազար), իսկ 2023–ին՝ միայն 590 հազար տոննա։ Պետքէ հաշվի առնել, որ այդ վիճակագրությունը կազմվում է գյուղապետների ներկայացրած տվյալներից, և դժվար է վերստուգել դրանք։ Բայց այս թվերի օգտին է խոսում նաև այն, որ Հայաստանում զուգահեռաբար սկսել է աճել կաթի փոշու ներմուծումը` եթե նախորդ տարիներին այն կազմում էր տարեկան 6-7 հազար տոննա, ապա արդեն 2022-ին ՝ 11 հազար տոննա։Սա մոտավորապես համապատասխանում է 110 հազար տոննա կաթի ծավալին (հաշվի առնելով 1/10 հարաբերակցությունը, որն ամենատարածվածն է կաթի փոշու արտադրության մեջ): Այսպիսով` 2022 թվականին փոշին կազմել է հանրապետության կաթի (ամբողջական և փոշիացված) ամբողջ շուկայի մոտ 15%-ը։
Հավելենք, որ գործարանները շահագրգռված չեն տեղական կաթ գնելու հարցում նաև հարկային հաշվառման հետ կապված դժվարությունների պատճառով, քանի որ գյուղատնտեսությունն ազատված է ԱԱՀ-ից, և բիզնեսը չի կարող այդ հարկի վերադարձը գնումների դիմաց ստանալ գյուղացիներից: Առաջանում է պարադոքս` տեղական ֆերմերներիօգտին ընդունվածօրենսդրությունն առավելություններ է ստեղծում ներմուծվող ապրանքների համար(ինչպես այս, այնպես էլ շատ այլ դեպքերում):