Ի՞նչ սպասել Երևան - Անկարա փոխհարաբերություններում. փորձագետը մանրամասնում է

Տեսակամուրջի ժամանակ
Անկարան հստակ հասկացրել է, որ այդ թեմայով մանրամասն և կոնկրետ զրույց կսկսի Երևանի և Բաքվի միջև հարցերը լուծելուց հետո:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի – Sputnik. Առաջիկայում Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերությունները գործնականում չեն հաստատվի և քննարկումների ու քաղաքական առևտրի առարկա կմնան: Երևան-Թբիլիսի տեսակամուրջի ժամանակ նման կարծիք հայտնեց քաղտեխնոլոգ, քաղաքական վերլուծաբան Վիգեն Հակոբյանը։
Ավելի վաղ Թբիլիսիում իր վրացի գործընկեր Իլյա Դարչիաշվիլիի հետ ճեպազրույցում արտգործնախարար Արարատ Միրզոյանը հայտարարել էր, որ Հայաստանը պատրաստ է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը, դիվանագիտական կապերի հաստատմանը և սահմանի բացմանը: Նա նաև նշել է, որ երկրների միջև արդեն առողջ երկխոսություն է հաստատվել։
Հակոբյանն այս համատեքստում ընդգծեց, որ Երևանի և Անկարայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումը միշտ էլ կարևոր է եղել Հայաստանի համար, սակայն 2020 թվականի պատերազմից հետո այդ հարցը նոր ասպեկտներ է ստացել։ Անկարան հստակ հասկացրել է, որ կոնկրետ բանակցություններ կսկսի միայն Երևանի ու Բաքվի միջև հարցերը լուծելուց ու Ադրբեջանից համաձայնություն ստանալուց հետո:
«Մինչև Ադրբեջանի բոլոր պահանջներն ու հավակնությունները չբավարարվեն, Թուրքիան չի փոխի իր կոշտ դիրքորոշումը», — ասաց Հակոբյանը Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ։
Նա հիշեցրեց 2008 թվականի «ֆուտբոլային դիվանագիտության» և 2009 թվականին Ցյուրիխում կարգավորման մասին արձանագրությունների ստորագրման մասին, որոնք Անկարայի առաջ քաշած պայմանների պատճառով այդպես էլ չվավերացվեցին: Դրանց թվում էին իրավիճակը Լեռնային Ղարաբաղում, տարածքների վերադարձը Ադրբեջանին, Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ճանաչումից և Թուրքիայի նկատմամբ տարածքային հավակնություններից հրաժարվելը։
2021 թվականի դեկտեմբերին Երևանն ու Անկարան կարգավորման շուրջ բանակցությունների համար հատուկ ներկայացուցիչներ են նշանակել։ 2022 թվականի հուլիսին Վիեննայում պայմանավորվածություն է ձեռք բերվել երրորդ երկրների քաղաքացիների կողմից հայ-թուրքական սահմանը հատելու և բեռների ուղիղ ավիափոխադրումներ իրականացնելու հնարավորության մասին։ 2023 թվականի հունվարին Անկարան հանել էր բեռների ուղիղ ավիափոխադրումների արգելքը, սակայն հարաբերությունների կարգավորման հարցը դեռ լուծված չէ։
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման զանգվածային և ավելի արմատական փուլը կսկսվի աշնանը