ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի – Sputnik. Իրանի ընտրություններում էթնիկ ադրբեջանցի Մասուդ Պեզեշքիանի հաղթանակը չի փոխի Թեհրանի քաղաքականությունը: Երևան–Թբիլիսի տեսակամրջի ժամանակ այս հայտարարությունն արեց քաղտեխնոլոգ, քաղաքական վերլուծաբան Վիգեն Հակոբյանը։
Ռեֆորմատոր Մասուդ Փեզեշքիանը, հավաքելով քվեների մոտ 53,6%–ը, դարձել է Իրանի 9–րդ նախագահը: Արտահերթ ընտրությունները տեղի են ունեցել մայիսի 19–ին Իրանի Արևելյան Ադրբեջան նահանգում ուղղաթիռի կործանման հետևանքով ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսիի մահից հետո:
«Իրանում նախագահը բավարար իշխանություն չունի երկրի ռազմավարությանն ու քաղաքականությանը վերաբերող առանցքային որոշումներ կայացնելու համար։ Հիմնական և կարևորագույն հարցերը, որոնք վերաբերում են տարածաշրջանային և աշխարհաքաղաքական ոլորտներին, լուծվում են պետության այլ, ավելի ազդեցիկ կառույցների կամ անձանց կողմից»,– Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում ասաց քաղտեխնոլոգը։
Մեկնաբանելով Ֆրանսիայում անցկացված ընտրությունների արդյունքները՝ Հակոբյանը մատնանշեց այն հանգամանքը, որ զգալի առաջընթաց գրանցեցին աջակողմյան ուժերը, բայց բավարար չէ, որ լուրջ փոփոխություններ տեղի ունենան նախագահի և եվրոպական էլիտաների մակարդակով քաղաքականության մեջ:
Ինչ վերաբերում է Մեծ Բրիտանիայի խորհրդարանական ընտրություններին, ապա Հակոբյանն ընդգծեց, որ շարունակում են առաջնային մնալ Ռուսաստանի հետ հարաբերությունները: Բրիտանիայի տարածաշրջանային քաղաքականությունը մնում է կայուն և հաստատուն, որը ձևավորվել է հարյուրամյակների ընթացքում։ Ուստի Հարավային Կովկասի տարածաշրջանի երկրների նկատմամբ քաղաքականության մեջ փոփոխությունները քիչ հավանական են: