Գագիկ Խաչատրյանի որդիների՝ ԱՄՆ–ում գտնվող առանձնատունը կբռնագրավվի. դատախազություն

Գագիկ Խաչատրյան
ՀՀ դատախազությունը ԱՄՆ իրավասու մարմնի հետ բանակցում է առանձնատան իրացման արդյունքում ստացված դրամական միջոցների գերակշիռ մասը ՀՀ վերադարձնելու համար:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի – Sputnik. ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի ընտանիքին պատկանող, ԱՄՆ Լոս Անջելեսում գտնվող առանձնատունը կբռնագրավվի և ամենաբարձր շուկայական արժեքով կվաճառվի: Տեղեկությունը հայտնում է ՀՀ դատախազությունը։
2023 թ. դեկտեմբերի 14–ից Գուրգեն և Արտյոմ Խաչատրյանների նկատմամբ իրականացվում է հանրային քրեական հետապնդում, այդ թվում` փողերի լվացման մեղադրանքով:
«Գլխավոր դատախազության և ԱՄՆ իրավասու մարմինների միջև համագործակցության արդյունքում համապատասխան դատական գործընթաց էր նախաձեռնվել նաև ԱՄՆ իրավասու մարմինների կողմից։ 2024 թվականի հունիսի 14-ին Գուրգեն և Արտյոմ Խաչատրյանները, որոնց պատկանող գույքն անցնում է նաև ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթներով, ԱՄՆ շրջանային դատարան էին ներկայացրել գույքի բռնագրավման կապակցությամբ համաձայնություն ձեռք բերելու խնդրանք, որը դատարանի կողմից վարույթ էր ընդունվել: Հունիսի 30-ի որոշմամբ՝ համաձայնությունը հաստատվել է»,–ասված է հաղորդագրությունում։
Նշվում է, որ ՀՀ դատախազությունը ԱՄՆ իրավասու մարմնի հետ բանակցում է առանձնատան իրացման արդյունքում ստացված դրամական միջոցների գերակշիռ մասը ՀՀ վերադարձնելու համար:
Հիշեցնենք` ՀՀ հակակոռուպցիոն դատարանում քննվող ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցով ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանից և նրան փոխկապակցված 25 անձանցից ( ներառյալ որդիներ Գուրգեն և Արտյոմ Խաչատրյաններից) պահանջվում է բռնագանձել 210 անշարժ գույք, 13 տրանսպորտային միջոց, մասնակցություններ 29 իրավաբանական անձերում, նաև ավելի քան 33 մլրդ դրամ: