ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի – Sputnik. Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրների կողմից արդյունաբերական կոոպերացիոն նախագծերին ֆինանսական աջակցության մեխանիզմը պատրաստ է գործարկման, և բիզնեսից արդեն ստացվել է առաջին հայտը: Այս մասին հայտարարել Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի հարցերով կոլեգիայի անդամ Գոհար Բարսեղյանը՝ ելույթ ունենալով Եկատերինբուրգում «Իննոպրոմ 2024» համաժողով–ցուցահանդեսի ժամանակ։
«Հանձնաժողովը պաշտոնապես ստացել է առաջին հայտը, բայց հիմա փակագծերը չեմ բացի. մենք քննարկում ենք պայմանները։ Հուսով եմ, որ շուտով նախագիծը կներկայացնենք խորհրդի անդամների հավանությանը»,– ասել է նա։
Բարսեղյանի խոսքով՝ մեխանիզմը կխթանի ԵԱՏՄ երկրների տնտեսության իրական հատվածի զարգացմանը։
«Հանձնաժողովն այժմ սերտորեն աշխատում է բիզնեսի հետ` հատկապես շեշտը դնելով շրջանների վրա, որովհետև հասկանում ենք, որ առաջին հերթին պետք է իրազեկել շրջաններին, որպեսզի նոր մեխանիզմի մեջ ներգրավվի փոքր և միջին բիզնեսը»,– հավելեց նա:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԵԱՏՄ երկրները համաձայնեցրել են կոոպերացիոն նախագծերի զարգացման համար տարեկան շուրջ 1,5 մլրդ ռուբլու հատկացումը՝ սկսած 2024 թվականից, 5 տարվա ընթացքում:
ԵԱՏՄ–ն միջազգային ինտեգրացիոն տնտեսական միավորում է, որը գործում է 2015 թ. հունվարի 1–ից: Անդամ պետություններն են Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը։