Երևանում ինքնակամ շինությունների մի մասը կօրինականացվի. Ավինյանը նշեց` ինչու

Տարիներ շարունակ առանց թույլտվությունների կառուցված շինությունները խնդիր են եղել և՛ Երևանի քաղաքաետարանի, և՛ դրանց սեփականատերերի համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի – Sputnik. Երևանում առկա ինքնակամ շինությունների մի մասը կարող է օրինականացվել, բայց որոշ պահանջներ պետք է կատարվեն։ Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
«Բոլորդ տեղյակ եք, որ Երևանում տասնամյակներ շարունակ առանց համապատասխան թույլտվությունների և օրենսդրական պահանջների կառուցվել են ինքնակամ շինություններ, որոնք մինչ օրս մեծ խնդիր են և՛ դրանք տիրապետողների, և՛ Երևանի քաղաքապետարանի համար: Ներկայում քաղաքապետարանը մեծ ծավալով ուսումնասիրում և կայացնում է որոշումներ դրանց օրինականացման վերաբերյալ: Դա արվելու է նրանց համար, ովքեր մինչև 2021 թվականի հունվարի 1-ն են գրանցվել»,– ասաց Ավինյանը:
Նա ընդգծեց, որ սա չի նշանակում, որ բոլորն օրինականացվում են, սա նշանակում է, որ օրինականացման ծավալը այս շրջանում մեծ է լինելու։ Նա հստակեցրեց` այնուամենայնիվ, որևէ տեսակի միջնորդական ծառայություններ այս գործընթացում չկան և չեն կարող լինել:
Երևանի քաղաքապետը զգուշացրեց` այն ընկերությունները կամ մարդիկ, որոնք ինքնակամ տարածքների օրինականացման համար կմոտենան սեփականատերերին և կփորձեն միջնորդական ծառայություններ մատուցել, դրանք ուղղակի այս իրավիճակից օգտվողներ են, որոնք փորձում են գումար վաստակել:
Ինքնակամ շինությունների օրինականացման գործընթացը պետք է արագացնել. Երևանի փոխքաղաքապետ
Ավինյանը վստահեցրեց` միջնորդական ծառայություններ առաջարկող մարդիկ և ընկերությունները որևէ ազդեցություն չունեն և չեն կարող ունենալ օրինականացման որոշումների վրա:
Նա կոչ արեց ինքնակամ շինությունների սեփականատերերին դիմումները թարմացնել, եթե ունեն այդպիսիները, որպեսզի Երևանի քաղաքապետարանն ամբողջ ծավալով դիտարկի հարցերը և համապատասխան որոշումներ կայացնի։