Երևանի քաղաքապետարանի կողմից ձեռք բերված աղբատար 8 մեքենաներից 4-ն արդեն Հայաստանում են

Եվս 4 մեքենա էլ Հայաստան կհասնեն մոտ 1 շաբաթից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի – Sputnik. Երևանի քաղաքապետարանը 8 նոր աղբատար մեքենա է գնել։ Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտնեց «Աղբահանություն և սանմաքրում» հիմնարկի տնօրեն Սաշա Կատվալյանը։
«Նոր գնված 8 աղբատար մեքենայից 4-ն արդեն Հայաստանում են: Այս պահին դրանք արդեն տեխզննում են անցնում, փաստաթղթավորվում են»,– նշեց Կատվալյանը։ Գործընթացների ավարտից հետո շահագործման կհանձնվեն։
Ըստ նրա` մյուս 4 աղբատար մեքենաները Հայաստանում կլինեն 1 շաբաթից։
Կատվալյանը հավելեց, որ հիմնարկի վարչական շրջանների հավաքարարների և բանվորների համազգեստի համար մրցույթ է հայտարարվել։ Հուլիսի 15-ին մրցույթի բացումն է։
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ հետաքրքրվեց` արդյոք աղբատարների համար գնված շարժիչները նույնպես Հայաստանում են, ինչին ի պատասխան ԵԱՍՄ տնօրենը հայտնեց` 9–ից 2-ը մատակարարվել է, մնացածը կմատակարարվեն հաջորդ շաբաթ։
Հիշեցնենք` հունիսի 24-ին Սաշա Կատվալյանը հայտարարեց, որ աղբահանությունը պատշաճ կատարելու համար Երևանի քաղաքապետարանը հրատապ կարգով տեխնիկա պետք է ձեռք բերի. 8 մեքենա և 9 շարժիչի լրակազմ պետք է գնեն։