Երբ խոսում եմ, ձեռք եմ բերում թշնամիներ. Գասպարյանը խոսեց Օսիպյանի, սրբազան պայքարի մասին

ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը . Արխիվային լուսանկար
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը չհերքեց, որ իրեն փորձել են համոզել ցուցմունք տալ այլ մարդկանց դեմ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի – Sputnik. ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը ոչ ողջունում, ոչ էլ քննադատում է Բագրատ սրբազանի սկսած շարժումը։ Իր դեմ հարուցված գործով դատական նիստից հետո ճեպազրույցի ժամանակ նա այս մասին ասաց լրագրողներին` պատասխանելով շարժման մասին հարցին։
«Ես կարծում եմ, որ հոգևորականը նույնպես մարդ է, այս երկրի քաղաքացին է, իր խոսքն ունի ասելու։ Կարծում եմ` քաղաքական գործիչները պետք է միանան ու այդ նավակն առաջ տանեն։ Եթե քաղաքական գործիչները չկան, ապա հոգևորականները պետք է պրոցեսն առաջ տանեն»,– ասաց նա` ավելացնելով, որ ինքն այլևս չի հետաքրքրվում ներքաղաքական կյանքով. հենց հետաքրքրվում է, խնդիրներ է ունենում։
Դիտարկմանը, որ շարժմանը միացել է նաև ՀՀ նախկին ոստիկանապետ Վալերի Օսիպյանը, Գասպարյանը նկատեց. «Օսիպյանը նիկոլական էր ու զարմանալի է, որ Նիկոլին էլ դավաճանեց, հիմա էլ փորձում է դառնալ սրբազանական։ Մարդու (Օսիպյան–խմբ.) տեսակն է այդպիսին։ Նա դավաճանեց սկսած «Սասնա ծռերից», իսկ վախկոտությունը գերի ընկնելու հետ կապ չունի։ Ես միշտ հնարավորություն եմ տալիս դարձի գալու, ոնց որ Տերն է մեզ հնարավորություն տալիս ապաշխարելու, այնպես էլ ես տվել եմ իմ ենթականերին»։
Ըստ Գասպարյանի` Օսիպյանը ինչպես դավաճանեց համակարգին, այդպես էլ դավաճանեց այն մարդուն(նկատի ունի իրեն–խմբ.), ով իրեն ոստիկանապետ նշանակեց ու գեներալի կոչում տվեց, իսկ հիմա էլ փորձում է ընդդիմություն խաղալ։
Նրա խոսքով` ինքն ամեն ինչ արել է, որ համակարգում միշտ լինի կարգուկանոն ու նույնիսկ մարդկանց է ազատել աշխատանքից, որոնք չեն ենթարկվել իր կարգադրություններին։
«Երբ 2018–ին Օսիպյանը հեռախոսը դնում էր ականջին ու գնում-գալիս էր, էդ ես էի զանգում ու ասում` ինչ անի, որ հանգիստ ու խաղաղ գնա ամեն ինչ ակցիաների ժամանակ»,– վստահեցրեց նախկին ոստիկանապետը։
Ինչ վերաբերում է ՀՀ ՆԳ նախարար Վահե Ղազարյանին, ապա Վլադիմիր Գասպարյանը վստահեցրեց, որ նա` որպես իր ենթակա, լավ աշխատող է եղել ու հիմա ինքը կոռեկտ չի համարում նրա մասին կարծիք հայտնելը։
«Ղազարյանն անպարկեշտ չի պահել իմ հանդեպ, իսկ, այ, Օսիպյանը…ծիծաղելի է»,– ասաց Գասպարյանը։
Անդրադառնալով իր դեմ հարուցված գործով դատական գործընթացին` նա հայտարարեց, որ չի համակերպվի այն փաստի հետ, եթե իրեն մեղավոր համարեն։ «Ես մեղավոր չեմ։ Մնացած ամեն ինչ տիրոջ ու դատավորի ձեռքին է։ Ես ապավինում եմ տիրոջը»,– ընդգծեց նա։
Գասպարյանը չհերքեց, որ իրեն փորձել են համոզել ցուցմունք տալ այլ մարդկանց դեմ։ «Եղել են որոշ երազկոտներ, սակայն դա ինձ մոտ չի աշխատում»,– վստահեցրեց նախկին ոստիկանապետը։
Արդյոք նա ցուցմունք տվե՞լ է ՀՀ 2–րդ նախագահ Սերժ Սարգսյանի դեմ կամ նա իր դեմ տվե՞լ է ցուցմունք հարցին` Գասպարյանը պատասխանեց. «Նա իմ գերագույն գլխավոր հրամանատարն է եղել։ Սերժ Սարգսյանը երբեք որևէ անօրինական ցուցում չի տվել, ու բացառվում է, որ նա նման ցուցումներ տար»։
Նա խնդրեց` իրեն այլ հարցեր չտալ, քանի որ ամեն հարցազրույցից հետո նոր խնդիրներ է ունենում։
«Երբ ես խոսում եմ, ձեռք եմ բերում լիքը թշնամիներ, երբ ես լռում եմ, ունենում եմ բազմաթիվ հաղթանակներ։ Այսօր ես հաղթանակ եմ կրում, թողեք ես պարտություն չկրեմ»,– ավելացրեց Գասպարյանը։
Հիշեցնենք՝ 2023 թվականի հուլիսին ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեն հաղորդագրություն տարածեց, ըստ որի՝ ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն օրինականացրել է հանցավոր ճանապարհով ստացված ընդհանուր շուրջ 2 մլրդ դրամի գույք:
Վլադիմիր Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել մի շարք հոդվածներով։
Հավելենք, որ վաղը` հուլիսի 9–ին ժամը 14։15–ին կհրապարակվի Վլադիմիր Գասպարյանի և ՀՀ նախկին փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանի գործով դատավճիռը։