Չինաստանը կողմ է, որ Բելառուսը ԲՐԻԿՍ գործընկերոջ կարգավիճակ ստանա

Բելառուսը հուսով է, որ ԲՐԻԿՍ-ում նոր կարգավիճակ կստանալ միավորման գագաթնաժողովում, որը տեղի կունենա հոկտեմբերին Կազանում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի – Sputnik. Չինաստանն աջակցում է Բելառուսի` ԲՐԻԿՍ-ի գործընկերոջ կարգավիճակ ստանալու հայտին։ Տեղեկությունը հայտնում է Բելառուսի ԱԳՆ-ն` ամփոփելով Չինաստանի և Բելառուսի դիվանագիտական գերատեսչությունների ղեկավարներ Վան Իի և Մաքսիմ Ռիժենկովի բանակցությունների արդյունքները։

«Վան Ին հաստատել է, որ Չինաստանն աջակցում է Բելառուսի հայտին՝ որպես հերթական քայլ միավորմանն անդամակցության ճանապարհին», - հաղորդագրության տեքստը մեջբերում է «Բելտա» գործակալությունը:

Բանակցությունների ընթացքում կողմերը աջակցություն են հայտնել բազմաբևեռ աշխարհակարգին, անընդունելի են համարել երկրների ներքին գործերին միջամտելն ու անօրինական ճնշումները, պայմանավորվել են այդ հարցերը համատեղ առաջ մղել միջազգային ասպարեզում:
Որոշվել է նաև շարունակել աշխատանքը Բելառուսի կողմից առաջարկված 21-րդ դարի բազմաբևեռության և բազմազանության խարտիայի շուրջ, որի քննարկումը նախատեսվում է այս տարվա աշնանը Մինսկում կայանալիք եվրասիական անվտանգության հարցերի խորհրդաժողովում:
Իրանում առաջարկել են ԲՐԻԿՍ-ի վճարային համակարգերը միավորել «Միր» քարտերի օրինակով
Նախարարները պայմանավորվել են ուժեղացնել երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների փոխգործակցությունը՝ հատուկ ուշադրություն դարձնելով եվրասիական տարածաշրջանի անվտանգությանը և համաձայնեցնելով հակամարտությունների խաղաղ կարգավորման վերաբերյալ դիրքորոշումները:
Բելառուսը հույս ունի ԲՐԻԿՍ-ում նոր կարգավիճակ ստանալ միավորման գագաթնաժողովում, որը տեղի կունենա հոկտեմբերին Կազանում:
ԲՐԻԿՍ-ը ստեղծվել է 2006 թվականին։ 2011 թվականին Բրազիլիային, Հնդկաստանին, Չինաստանին և Ռուսաստանին միացավ Հարավաֆրիկյան Հանրապետությունը։ 2023 թվականի օգոստոսին հրավիրվեցին վեց նոր անդամներ, այդ թվում՝ Արգենտինան, որը հետագայում հրաժարվեց անդամակցությունից։ 2024 թվականի հունվարի 1-ից ԲՐԻԿՍ-ում լիարժեք աշխատանք սկսեցին Եգիպտոսը, Իրանը, ԱՄԷ-ն, Սաուդյան Արաբիան և Եթովպիան։